«Օսկար»-ի գլխավոր անվանակարգում այսուհետ միշտ 10 ֆիլմ կներկայացվի

Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար» մրցանակաբաշության գլխավոր անվանակարգում առաջադրվելիք թեկնածու ֆիլմերի հատուկ թիվ է սահմանել․ 94-րդ մրցանակաբաշխությունից սկսած` «Լավագույն Ֆիլմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերի թիվն այսուհետ չի գերազանցի 10-ը, հայտնել է ամերիկյան կինոակադեմիայի մամուլի ծառայությունը։

«2021 թվականին անցկացվելիք 94-րդ մրցանակաբաշխությունից սկսած՝ «Լավագույն Ֆիլմ» անվանակարգում 10 թեկնածու է առաջադրվելու՝ ի տարբերություն ամեն տարի ներկայացված ֆիլմերի փոփոխվող քանակին»,- ասվում է կինոակադեմիայի հայտարարությունում:

Նախկինում այս անվանակարգում առաջադրված ֆիլմերի թիվը տատանվում էր 5-10-ի սահմանում։ Օրինակ՝ 2019 թվականին ներկայացվել էր 8 թեկնածու ֆիլմ, իսկ 2018 և 2020 թվականներին՝ 9-ական։

Նշվում է նաև, որ այսուհետ ակադեմիայի անդամները կկարողանան տարվա ընթացքում «Օսկար»-ին հավակնող ֆիլմերը հատուկ Academy Screening Room հարթակի միջոցով դիտել։  Մրցանակաբաշխության կազմակերպիչների կարծիքով՝ այս տարբերակը քվեարկողներին բոլոր թեկնածու ֆիլմերին ծանոթանալու բավականին երկար ժամանակ կտա։