Անդրեա Բոչելիի որդին ներկայացրել է «Առյուծ արքա» հանրահայտ ֆիլմի սաունդթրեքի տեսահոլովակը

Իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի որդին՝ Մատեո Բոչելին, ով հաճախ է երաժշտասերներին ներկայացնում սիրված հիթերի քավր տարբերակներ, այս անգամ անդրադարձել է «Առյուծ արքա» ֆիլմում հնչող Can You Feel The Love Tonight ստեղծագործությանը, որը շատ է սիրվել Էլթոն Ջոնի կատարմամբ:

Մատեո Բոչելին երգը կատարում է Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն հասանելի է համացանցում:

«Հուսամ՝ ձեզ դուր է գալիս Can You Feel The Love Tonight երգի իմ մեկնաբանությունը: Ինձ համար մեծ պատիվ էր երգը ձայնագրել Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ»,- Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Մատեոն:

Երգի բառերի հեղինակը Թիմ Րայսն է, երաժշտությունը գրել է Էլթոն Ջոնը: Երգը մեծ ճանաչում է ձեռք բերել Բրիտանիայում, առավել մեծ հաջողության է հասել ԱՄՆ-ում՝ Billboard Hot 100-ում զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը: Այն սիրվել և ընդունվել է նաև Ֆրանսիայում և բազմաթիվ այլ երկրներում: