«Աշխարհում ոչ մի սեր չի լրացնի էդ անդունդը»․ Նազենի Հովհաննիսյանը՝ մոր մասին

Նազենի Հովհաննիսյանը կիսվել է իր մտորումներով ու հուշերով մոր՝ Էմմա Բլեյանի մասին։ Դերասանուհու մայրն այսօր կդառնառ 70 տարեկան։ Նազենին լուսանկար է հրապարակել ու գրել․

«Մայրս ինչու՞ էդքան հապշտապ գնաց.. էդպես էլ չենք հասկանա: Մարդ, որը կյանքն այդքան սիրի ու խոնարհաբար տարիներիներով տանի ամեն մի դժվարություն, երբեք չտրտնջա, բայց միևնույն ժամանակ դաշտային ծաղկեփնջից, կամ իր եղբոր հետ գնացած պարզունակ մի արշավից ինքնամոռաց ուրախանա, ո՞նց կարող էր մի ակնթարթում հեռանալ, առանց մեզ հրաժեշտ տալու:
Իր վաթսունմեկում երեխայի աչքեր ուներ` չարաճճի ու ծիծաղկոտ, սիրտը, որն անհամար դառնություն էր ճանաչել, երբեք էլ քար չդարձավ:
Թեև մի բառ հա ականջիս է. ասում էր` ախր ես մենակ եմ, մենակ, գոնե մի ձեռք գցող- օգնող լիներ… երևի բոլոր մայրերն են միայնակ` աշխարհի դեմ, չնայած մեծ ընտանիքի ու բազում լավ ընկերների առկայությանը: Մենակ էր իր դարդերի հետ ու ցավերի մեջ, մեզ բաժին էր հասնում իր անսահման բարությունն ու համբերությունը միայն: Ցավերն իրեն էր պահում: Մայրերն աշխարհի խիղճն են ու ֆիլտրը. ցեխաջրերի ու աղտերի կույտերն իրենց հոգով են անցկացնում. զտում, մաքրագործում ու մեզ են վերադարձնում Մաքուր աշխարհը: Իսկ մենք էլի աղտոտում ենք` անխնա:
Երբեք էլ չենք հասկանա, թե ոնց էր կարողանում….
Սոսնձում էր բոլորիս, իրար կապում, հավաքում իրար գլխի ու ու մի մեծ թուխ կազմակերպում` բարեկամաազգակցական: Իր թխածը քաղցր էր: Էդ համն էլ չկա աշխարհում:
Չեմ հիշում`մեկին թթու խոսք ասած լիներ, միայն մի օր մեկի համար ասաց. «լղոզվող է»: Մեր ժամանակներում դրանից ավելի բնորոշ բառ դժվար է պատկերացնել: Լղոզվողների ժամանակներում ենք ապրում:
Իր մահվան 2011- ից անցել է 9 տարի, բայց ասես ուրիշ մոլորակում ապրենք. լրիվ այլ վարքեր, բարքեր… ավելի ճիշտ` դրանց բացակայություն:
Մորս սկզբունքը հստակ էր. չխանգարել, վատություն չանել, օգնել:
Ու բոլորովին մեկ էր` ով է օգնության դիմողը. իրեն վնասած մե՞կը, թե իր մեջքի հետևում դուստրերից բամբասող բանսարկուն… ոչ սպասում էր լավության, ոչ էլ «պարտքերի» վերադարձին:
Կորստի գիտակցումը գալիս է տարիներ անց, ու քանի գնում` ավելի խոցող ցավով է մխրճվում գիտակցությանդ մեջ:
Աշխարհում ոչ մի սեր չի լրացնի էդ անդունդը: Սփոփանքը` Մայրերին արժանին փոխհատուցելն է ամբողջ կյանքով մեկ, անդադար, անհոգնել, առանց վերադարձի սպասումի` ինչպես, որ նրանք են վարվել միշտ: Վերջերս, երբ հրաժեշտ էի տալիս իմ մանկության տանը, հետս բերեցի մայրիկիս գրքերը: Ու բարկացա: Բարկացա իր վրա, որ մեր տանը հաճախ նորմալ սնունդ կարող էր չլինել, բայց գիրք կար միշտ: Որ մենք քնելու տեղից կարող էինք զրկվել ու իրար գլխի մի կերպ տեղավորվել, իսկ նորին մեծությոն հյուրը` միշտ ուներ գիշերելու տեղ, կուշտ փոր և բացառիկ վերաբերմունք: Բարկացա, որ էս չարացած ու կիսատ աշխարհում մեզ միայն բարությամբ ու մյուսներին հասկանալու, հասնելու կարողությամբ է մեծացրել. ամփոփ:
Նեղվեցի, որ իրենց ներարկած մարդկային սկզբունքներն ու գաղափարներն այսօր ոչ միայն պետք չեն ոչ մեկին, այլև խանգարող են: Որովհետև աշխարհում լղոզվողներն են միայն մարսելի, իսկ սկզբունք ու տեսակ ունեցողները` «խանգարող»: Բարկացա, որ մեզ բերել ու դաստիարակել էին այլ իրականության համար, իսկ հիմա այդ աշխարհն ուղղակի չկա: Հիմիկվա անկառավարելի քաոսում իմ մեղմախոս, քթի տակ ինձ համար «Արի իմ սոխակը» երգող Մայրիկիս ձայնը չէր լսվի ու մենք էլ էլ վաղուց լսելի չենք, որովհետև համատարած գոռոցի ու աղմուկի մեջ միայն ոռնոցն է լսելի, բայց ոչ երբեք Կոմիտասի «Կաքավիկը» կամ «Ամպելա»-ն: Խղճի ձայնն էլ է՛լ լսելի չէ… Տխրեցի, անասելի տխրեցի, որովհետև Մայրիկիս գրքերն իմ տանը մասունքի պես դասավորելով հասկացա, որ վերջնական որբացել եմ, ես` նրա կորստով, աշխարհը` սիրո և խղճի բացակայությունից: Մայրերն աշխարհի խիղճն են, միայն թե նրանց ձայնն «աղմուկում» էլ չենք լսում։
Իմ ամեն վայրկյանի սնունդը քո հայերենն էր Մամ, քո խոսքը, գործը, նվիրումն ու մեղմությանդ մեջ հմտորեն թաքցրած ուժդ: Բարկությունս կարոտից է մամ, կչորացնեմ քո սիրելի ծաղկաթերթիկների պես ու կշարեմ խնամքով` Թումանյանի հատորների էջերում, կթաքցնեմ Նարեկացու և քո սիրելի արևմտահայ բանաստեղծների աշխարհներում…
Մա՜յր, քո 70-ամյակը բոլորեցիր Երկնքում, մենք` երկրային մեղսագործներս էդպես էլ չենք հասկանա, թե ինչու՞ դու այդքան շուտ գնացիր` առանց հրաժեշտ տալու:
Երևի գիտեիր, որ ինչ էլ լինի, մեր պորտալարը երբեք էլ չի կտրվի… Ծնունդդ շնորհավոր ԼուսաՄայր…Ես վերականգնել եմ քո սիրելի երգարանի էջերը` էջ առ էջ, ու այդ երգերով լուսավորում եմ իմ ամեն օրը` էջ առ էջ…
Իմ պաշտելի Մայրիկի` Էմմա Բլեյանի լուսավոր հիշատակին` 2020. Հունիս 14»։