Արևիկ Ուդումյանի խորհուրդը՝ առողջ ու գեղեցիկ լինելու համար

Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը անդրադարձել է մարդկանց առողջությանն ու գեղեցկությանը վերաբերող մի շատ կարևոր թեմայի՝ ջրի օգտագործմանը։ Նա իր ինստագրամյան միկրոբլոգում լուսանկար է հրապարակել ու դրան կից կիսվել կարևոր խորհուրդներով։

«Այնքան շատ ջուր կա մեր մեջ և այնքան շատ ջրի կարիք մենք միշտ ունենք։ Հատկապես ամռանը՝ այս շոգ օրերին , էլ չասեմ դիմակ կրելու պարագայում։ Ջուր չխմելու համար միշտ կարելի է գտնել պատճառներ, իսկ ջուր խմելու համար ընդամենը հարկավոր է միշտ աչքի առաջ ունենալ մեկ բաժակ ջուր։ Խմեք ջուր ոչ միայն Ձեր առողջության համար, այլ նաև գեղեցկության։ Որքան էլ փորձում ենք արտաքինից խոնավեցնել մեր մաշկը՝ առանց ներքին սնուցման արդյունքի հասնել հնարավոր չէ։ Օրը սկսեք մեկ բաժակ ջրով և փորձեք օրվա ջրի պաշարը լրացնել մինչև երեկոյան 7-ը՝ հաջորդ օրը այտուցներ չունենալու համար։
Մշտապես տարբեր կարծիքներ ենք լսում ջրի ճիշտ քանակի օգտագործման վերաբերյալ, բայց ինքներս կարող ենք հաշվարկել՝ մեր մարմնի զանգվածին համապատասխան որքան ջուր է հարկավոր խմել և փորձել այդ քանակը պահել յուրաքանչյուր օր։ Պարզապես պետք է Ձեր կիլոգրամները բազմապատկել 30-ով։
Օրինակ՝ ես 50 կիլոգրամ եմ , կստացվի՝ 50×30=1500 մլ, այսինքն՝ 1,5 լիտր օրական։
Եվ հիշենք՝ ջուր, այլ ոչ հյութեր, թեյ, սուրճ կամ այլ ըմպելիք։ Ջուր պետք է խմել ոչ միայն ծարավելիս, այլ պարբերաբար ջուր խմելը պետք է դարձնել սովորություն։
P.S. Չենք մոռանում ջուր խմելու ոսկե կանոնը՝ խմում ենք ուտելուց կես ժամ առաջ և մեկ ժամ հետո։
Եվ այս շոգ օրերին տանից դուրս գալիս մի մոռացեք Ձեզ հետ վերցնել ջուր»,- գրել է Արևիկը։