Առողջական ի՞նչ խնդիրների մասին կարող է հուշել քաղցր մթերք ուտելու ցանկությունը

Բժիշկ-սննդաբան Աննա Բելոուսովան հայտնել է, թե առողջական ինչ խնդիրներ կարող են դրսևորվել քաղցրավենիք ուտելու անհագ ցանկությամբ։ Ինչպես գրում է «Նևսկիյե նովոստի» («Невские новости») պորտալը, մասնագետի խոսքով՝ շատ հաճախ մարդիկ քաղցրավենիք են ուտում սթրեսի ժամանակ, ինչը հանգեցնում է ավելորդ քաշի և դրան ուղեկցող մի շարք հիվանդությունների։ Սակայն քաղցր մթերք ուտելու անհրաժեշտությունը կարող է հուշել նաև օրգանիզմում որոշակի նյութերի պակասի մասին։

«Քաղցր թխուկ ուտելու ցանկությունը կարող է խոսել օրգանիզմում քրոմի պակասի մասին։ Քրոմը մեզ պետք է չնչին քանակությամբ և դրա դեֆիցիտը դրսևորվում է այս կերպ։ Սակայն կարևորն այն է, որ ինչպես մարդը չի կարող լրացնել երկաթի պակասը շոկոլադի միջոցով, այնպես էլ քրոմի դեֆիցիտից չի հաջողվի ազատվել թխուկ ուտելով։Սա կոչվում է սննդային հակադարձում, ուստի հարկավոր է փորձել ճիշտ գնահատել սեփական վիճակը», – նշել է Բելոուսովան։

Բժշկի խոսքով՝ քաղցր ուտելու ցանկության էլ ավելի վտանգավոր պատճառ կարող է լինել երկրորդ տիպի շաքարային դիաբետը, որը նույնպես կարող է դառնալ սննդային հակադարձման պատճառ։ Այս խանգարումը կարող է դրսևորվել քաղցր գազավորված ըմպելիքներ օգտագործելու ցանկությամբ։ Բացի այդ, արյան մեջ շաքարի պակասի մասին կարող է հուշել նաև դյուրագրգիռությունը։

Առողջական խնդիրների խորացումից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս փոխարինել պատրաստի վնասակար քաղցրավենիքը բնականով կամ օգտագործել համեմատաբար քիչ վնասակար քաղցրավենիք։ Կարելի է ուտել սեզոնային մրգեր, դոնդող, մարմելադ կամ կակաոյի բարձր պարունակությամբ շոկալադ։ Նման մթերքը կհագեցնի քաղցրի պահանջն ու կօգնի խուսափել քաշի ավելացումից։