Մանե Մխոյանի կարանտինային առօրյան և նոր ֆոտոշարքը

Դերասանուհի և հաղորդավարուհի Մանե Մխոյանը կարանտինի ընթացքում չի ձանձրանում, քանզի ամեն օր գնում է աշխատանքի ու բոլորին բարի լույս է մաղթում Առաջին ալիքով հեռարձակվող առավոտյան ծրագրիի եթերից։ Վերջին ժամանակներում գեղեցկուհին նաև հաճախ ուրախացնում է երկրպագուներին ինքնատիպ ու գեղեցիկ լուսանկարներով։ Այս անգամ դերասանուհին հանդես է եկել նոր ֆոտոշարքով, որն առաջինը տրամադրել է Showbiz.am կայքին։
Մանեն Showbiz.am կայքի հետ զրույցում նաև պատմել է՝ ինչպես է անցնում իր կարանտինը և որն է իր համար կարանտինի ընձեռած ամենամեծ հնարավորությունը։

«Կարանտինի ընթացքում վերընթերցել եմ իմ սիրելի գրքերը։ Նոր հեղինակներ եմ բացահայտել ինձ համար։ Փաստորեն, ունենք բավականին երիտասարդ, բայց շատ հետաքրքիր գրողներ։ Ֆիլմերի մասին դե էլ չասեմ․ դիտել եմ անհավանական շատ ֆիլմեր, դե իհարկե, աշխատանքս էլ չի թողնում, որպեսզի ձանձրանամ։ Նոր բացահայտումներ եմ անում ինձ համար հաղորդավարության ոլորտում»,- պատմում է Մանեն։

Դերասանուհին նաև խոսում է կարանտինի պատճառով հետաձգված ծրագրերի մասին, որոնք իրեն, իսկապես, տխրեցնում են։
«Հատկապես այն ծրագրերը, որոնք կապված էին թատերական աշխարհի հետ, դեռ դադարի փուլում են գտնվում, բայց ժամանակավորապես։ Ամեն օր արթանանում ենք այն հույսով, որ այս ամենը շատ շուտով կավարտվի, և մենք հաղթող դուրս կգանք այս պատերազմում։ Բայց միևնույն է, պետք է սպասել, լինել համբերատար՝ մինչև այս ամենը կավարտվի ու կսկսվեն աշխատանքները։
Մի քանի օր առաջ, իսկապես, տխրել էի, երբ հասկացա, թե որքան վաղուց եմ որպես հանդիսատես եղել թատրոնում կամ կինոյում։ Տխուր է հասկանալ, որ կյանքդ ինչ-որ փուլում դադար է առել»,- կիսվում է Մանեն։

Մանեն մեզ հետ զրույցում խոստովանում է, որ շուտով հանդես կգա շատ կարևոր նորությամբ, սակայն խոսել դրա մասին հրաժարվում է՝ չցանկանալով փչացնել անակնկալը։
Կարանտինի ընթացքում դերասանուհին մեծ կարևորություն է տալիս իմունիտետի բարձրացմանը․ օգտագործում է առողջ սնունդ՝ ուտելով մրգեր ու բանջարեղեն։

Խոսելով ինքնամեկուսացման դրական կողմերի մասին՝ Մանեն ասում է․ «Կարանտինի ամենամեծ առավելությունն ինձ համար վերաարժևորումն է։ Յուրաքանչյուրս իր հոգում, գիտակացված կամ ենթագիտակցորեն արժևորում է ինքն իրեն, իր վերելքները, վայրէջքները։ Մի պահ է գալիս, երբ սա վերածվում է շատերի մոտ դեպրեսիայի, բայց ինձ թվում է՝ բոլորի կյանքում կարևոր է մի պահ կանգ առնել նայել հետ, նայել առաջ ու հասկանալ՝ ինչ ճանապարհով պետք է շարժվել։ Ցավոք, դա բոլորիս կյանքում եղավ միաժամանակ՝ 2020-ի գարնանը։

Կորոնավիրուսին նայում եմ նաև այլ կողմից՝ մոլորակի տեսանկյունից։ Գուցե երկիր մոլորակը հոգնե՞լ էր մեզնից՝ անընդհատ վազող, անընդհատ ինչ-որ բանի հետևից ընկնող մարդկանցից, ովքեր մոռացել էին ապրելու մասին։ Այս դադարը պետք էր հասկանալու համար, որ պետք է պարզապես ապրել, վայելել վայրկյանը»։

Դերասանուհին չի մոռանում անդրադառնալ նաև ինքնամեկուսացման բացասական կողմերին, որոնք շատ ժամանակ իրեն հունից հանում են։

«Կարանտինի թերությունները շատ-շատ են ու գնալով աճում են, վարակվածների այն թվերի նման, որոնք ամեն օր բարձրանում են։ Փոխարենը մեր ընկերների, հարազատների, դիմացինների համար ավելի պատասխանատու  լինելու՝ մենք հակառակն ենք անում․ խանութներում սոցիալական հեռավորություն չենք պահում, մեր բոլոր հերթերը կլոր են, դիմակներ չենք կրում։ Այս ընթացքում ավելի համոզվեցի, որ հայերը կարծում են՝ օրենքը ստեղծված է խախտելու համար։

Երբ ժամանակին տանից դուրս էի գալիս, վերցնում էի հեռախոս, դրամապանակ, բանալիներ։ Հիմա ես վերցնում եմ դիմակ հետո նոր մնացածը։ Եթե յուրքանչյուր քաղաքացի գիտակցի իր պատասխանատվությունն ու հասկանա, որ դրանից է կախված դիմացինի կյանքը, վստահ եմ՝ կգրանցենք դրական առաջընթաց։ Բայց ես լավատես եմ ու վստահ եմ, որ 2020-ը մենք դրական լուրերով ենք ավարտելու»,- հավատացնում է Մանեն։

Կարանտինի ամենամեծ ձեռքբերումներից մեկը դերասանուհին համարում է իր մագիստրոսական դիպլոմը։
«Վերջապես, այս ամիս ավարտեցի մագիստրատուրան՝ Հրաչ Քեշիշյանի կուրսը»,- ուրախությամբ  հայտնում է նա։

Մանեն, ով  ժամանակն օգտագործում է  ինքնակրթվելու համար, մասնակցում է օնլայն դասընթացների, իր խոսքը եզրափակում է՝ բոլորին խորհուրդ տալով օգտվել համացանցի դրական կողմերից ու վայելել ազատ ժամանակը։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան