Ադելը մասնակցել է Լոնդոնում տեղի ունեցած հրդեհի 3-րդ տարելիցի առցանց հիշատակի արարողությանը․ մանրամասներ (տեսանյութ)

Բրիտանացի երգչուհի Ադելն իր սերն ու աջակցությունն է հայտնել Լոնդոնի Գրենֆել-թաուեր բազմահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհը վերապրածներին, գրում է Daily Mail-ը։

Կիրակի՝ Հյուսիսային Քենսինգթոնի շրջանի Գրենֆել-թաուեր բազմահարկ շենքում 72 մարդու կյանք խլած կործանարար հրդեհի երրորդ տարելիցի օրը, երգչուհին մասնակցել է առցանց հիշատակի արարողությանը և իր սերն ու աջակցությունը հղել հրդեհից տուժած մարդկանց։

«Ես ուզում եմ ձեզ բոլորիդ փոխանցել իմ սերը, և իմացած եղեք՝ իմ մտքերը ձեզ հետ են, իմ մտքերը միշտ են ձեզ հետ»,- ասել է Ադելը։

Նրա խոսքով՝ չնայած ստեղծված իրավիճակին՝ չափազանց կարևոր է «միասին սգալ և հիշել այդ ողբերգական գիշերը»։

Անդրադառնալով աշխարհում տիրող իրավիճակին՝ Ադելն ընդգծել է, որ որպես համայնք՝ ջանքերի միավորումն այժմ, առավել քան երբևէ, կարևոր է։

«Ավելի հարմար պահ չի եղել մեր ընկերասիրությունը, կարեկցանքը և հաստատակամությունն ի ցույց դնելու համար: Հաստատակամությունը գործողության մեջ է»,- ասել է նա:

Լոնդոնի Հյուսիսային Քենսինգթոնի շրջանի Գրենֆել-թաուեր բազմահարկ շենքում անհայտ պատճառով բռնկված հրդեհը տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 14-ին: Հրդեհը խլել է 72 մարդու կյանք։