Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել հայուհին

Հայաստանում հունիսի 6-ին մեկնարկած մրցույթը կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվեց առցանց ռեժիմով։

Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային երաժշտական մրցույթում հաղթել է ջութակահար Դիանա Ադամյանը։ Տեղեկությունը հրապարակվել է միջոցառման պաշտոնական կայքում։

Հայաստանում հունիսի 6-ին մեկնարկած մրցույթը կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվեց առցանց ռեժիմով։ Այս տարի մրցույթին մասնակցեցին միայն ջութակահարները: Տեխնոլոգիական նորարարություններ կիրառվեցին, մասնավորապես հեռահար ձևաչափում արհեստական բանականության տեխնոլոգիաների շնորհիվ միասին հանդես եկան մենակատարն ու նվագախումբը։

«Հայտնի են Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային երաժշտական մրցույթի հաղթողները։ Առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի ներկայացուցիչ Դիանա Ադամյանը, երկրորդը` դանիացի Մայքլ Գերմերը։ Երրորդ տեղը շնորհվեց շվեդ Լորենց Կարլսին և թայվանցի Բել Տինգին»,- գրված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ֆելիքս Հարությունյանը դափնեկրի դիպլոմ ստացավ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցույթին մասնակցելու իրավունք են ստացել նախընտրական փուլը հաղթահարած 19 ջութակահարներ Թայվանից, Կորեայից, Հոնկոնգից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լյուքսեմբուրգից, Կանադայից, Դանիայից, Շվեդիայից, Ճապոնիայից, Ավստրիայից, Հունաստանից և Հայաստանից։