«Շնորհակալություն, Քանյե»․ Ջորջ Ֆլոյդի դուստրը շնորհակալություն է հայտնել ռեփերին իր ուսման վարձը վճարելու համար (լուսանկար)

ԱՄՆ-ում ոստիկանության գործողությունների հետևանքով մահացած աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի 6-ամյա դուստրը՝ Ջիանա Ֆլոյդը, շնորհակալություն է հայտնել ռեփ կատարող Քանյե Ուեսթին իր քոլեջի ուսման վարձն ամբողջովին վճարելու համար, գրում է Daily Mail-ը։

«Շնորհակալություն, Քանյե, քո շնորհիվ ես բարձրագույն կրթություն կստանամ։ Մայրս և ես անչափ շնորհակալ ենք քեզ և քո ընտանիքին»,- Ինստագրամում գրել է 6-ամյա աղջիկը։

Նա նաև նշել է Ուեսթի կնոջը՝ ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին՝ ավելացնելով #JusticeForGeorgeFloyd հեշթեգը:

Բացի այդ, 43-ամյա ռեփերը վերջերս ոստիկանների և սպիտակամորթների կողմից սպանված աֆրոամերիկացիների ընտանիքների համար 2 միլիոն դոլար բյուջեով «Քոլեջների կրթական խնայողությունների հիմնադրամ» էր ստեղծել:

Նշենք, որ ավելի վաղ ամերիկացի երգչուհի և դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը Disney-ի իր բաժնետոմսերը նվիրել էր Ջորջ Ֆլոյդի 6-ամյա դստերը։