«Միշտ երազել եմ բժիշկ դառնալու մասին»․ Մերի Ներսիսյանի անկեղծ զրույցը՝ ճիշտ ընտրության, ընտանիքի, կարիերայի ու այլ թեմաների մասին

Հաղորդավարուհի և լուրերի մեկնաբան Մերի Ներսիսյանն այն մարդկանցից է, ով կորոնավիրուսի համավարակի արդյունքում սկսեց ավելի շատ աշխատել՝ փորձելով պահել հակահամաճարակային կանոնները, բայց ընթացքում նաև ամուսնու՝ Գոռ Պետրոսյանի հետ ժամանակ հատկացնել երեք երեխաներին, որոնց առօրյան փոխվել էր մանկապարտեզների ու դպրոցների փակ լինելու պատճառով։ Showbiz.am-ի հետ զրույցում Մերին պատմել է իր և ընտանիքի կարանտինային առօրյայի մասին ու պատասխանել այնպիսի հարցերի, որոնք օգնել են բացահայտել սիրելի հաղորդավարուհուն մի փոքր այլ տեսանկյուններից։

– Ճիշտ է, Ձեր աշխատանքը չի դադարել այս ընթացքում, բայց ամեն դեպքում առօրյան երևի որոշակիորեն փոփոխվել է: Ինչպե՞ս է աշխատանքից հետո անցել Ձեր օրը:

– Համավարակը փոփոխություններ մտցրեց մեզանից յուրաքանչյուրի կյանքում, այդ թվում նաև իմ և ընտանիքիս կյանքում։ Բայց ի տարբերություն շատերի, ովքեր այդ օրերին ստիպված էին նստել տանը, ես աշխատել եմ ու մինչ օրս շարունակում եմ աշխատել ավելի ծանրաբեռնված ռեժիմով, որովհետև լրատվական ոլորտում արտակարգ իրավիճակներն ավելի են ծանրացնում աշխատանքն ու ավելի պատասխանատու են այն դարձնում։ Ուստի, աշխատանքում դադար չեմ ունեցել, և երևի դա էր պատճառը, որ մեկուսացումը շատ չազդեց իմ և ընտանիքիս վրա։ Գոռն էլ շատ փոքր դադարներ ունեցավ այս ընթացքում, բայց հիմնականում աշխատում էր։ Այնուամենայնիվ մեր կյանքը չի սկսվում և ավարտվում աշխատանքով, ուստի համավարակը փոփոխություններ մտցրեց մեր առօրյայում, նախապես պլանավորած գործերում, բոլոր պլաններում։ Բայց ես էլ, ամուսինս էլ փորձում ենք լավատես լինել ու փորձում ենք այս օրերից, փոփոխություններից ինչ-որ դրական արդյունքներ քաղել, վերաարժևորել այն ինչ ունեինք նախկինում։ Վատի մասին միշտ կարելի է խոսել, դժգոհել, բայց փորձում ենք ինչ-որ դրական բաներ տեսնել։

– Ինչո՞վ եք զբաղվել տնային մեկուսացման պայմաններում:

– Ինքնամեկուսացման առաջին օրերին, երբ Էվան դպրոց չէր գնում, Սառան՝ մանկապարտեզ ու դեռ բակ, այգիներ և սրճարաններ չէինք գնում, աշխատում էինք տան պայմաններում այդ բացը լրացնել ու կազմակերպել ժամանցը։ Տարբեր նոր խաղեր էինք խաղում, ամեն օր մի նոր բան էինք մոգոնում, որպեսզի երեխաների առօրյան հագեցած անցնի, քանի որ նրանք այդքան էլ շատ բան չէին հասկանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ու նույն պահանջներն ունեին, ինչ առաջ։ Իհարկե, մենք խոսում էինք նրանց հետ, փորձում բացատրել, բայց, այնուամենայնիվ, ծնողի պարտականությունն է անել ամեն ինչ, որ նույնիսկ այս ճգնաժամային օրերին երեխայի օրը հանկարծ չփչանա։

– Ո՞վ է Ձեզ ամենից լավ ճանաչում:

– Ինձ ամենից լավ ճանաչում են, կարծում եմ, ամուսինս, ծնողներս և երեք ամենամոտ ընկերուհիներս։

– Ո՞վ է Ձեր լավագույն խորհրդատուն:

– Խորհուրդներ սիրում եմ լսել, բայց ունեմ մի մաղ, որով մաղում եմ այդ խորհուրդներն ու վերցնում այն, ինչ ինձ պետք է։ Բայց կյանքումս մի քանի մարդ կա, որոնց միշտ կարիք ունեմ լսելու։ Մարդիկ, որոնց առաջինը դիմում եմ, երբ խորհրդի կարիք ունեմ, որոնց խոսքը շատ կարևոր արժեք ունի ինձ համար, չեմ վախենա ասել, որ երկուսն են՝ ամուսինս ու մայրս, հետո ևս մի քանի մարդիկ կան, որոնց կարծիքը շատ արժեքավոր է ինձ համար, բայց նրանց մատների վրա կարելի է հաշվել։ Իրականում չեմ խուսափում խորհուրդներից ու խրատներից։

– Եթե ամուսնու կամ երեխաների հետ տարաձայնություններ են լինում, ո՞վ է առաջին քայլն անում իրավիճակը հարթելու համար: Ունե՞ք հաշտվելու ընտանեկան յուրահատուկ ձև:

– Մեր ընտանիքում վեճեր, կռիվներ չեն լինում, ուստի հաշտվելու արարողակարգ որպես այդպիսին չունենք։ Ժամանակ առ ժամանակ փոքրիկ վիճաբանություններ լինում են, բայց դրանք այնքան չնչին են, որ հաշտությունն ակամայից է ստացվում ընդամնեը րոպեներ կամ ժամեր անց՝ առանց հստակ քայլերի։ Նույնիսկ չեմ էլ մտաբերում, թե ինչպես է այդ հաշտությունը տեղի ունենում, պարզապես այդպես ստացվում է։

– Դժվար է արդյո՞ք լինել բազմազավակ մայր և կարիերա կերտել: Մեկը մյուսի հաշվին տուժու՞մ է, թե՞ հնարավոր է գտնել հավասարակշռություն:

– Իմ պարագայում երբեք չի եղել ընտանիքի ու կարիերայի միջև ընտրություն կատարելու կամ դրանք կշեռքի նժարներին դնելու խնդիր, երբեք նման իրավիճակի առաջ չեմ կանգնել, որովհետև կյանքումս ամեն ինչ բալանսավորված է ու ամեն ինչ իրենց դարակներում է։ Ես աշխատել եմ 17 տարեկանից ու չեմ պատկերացրել ինձ առանց աշխատանքի, բայց երբ եկավ ընտանիք կազմելու ժամանակը, ես չեմ կանգնել ընտրության առաջ, որովհետև ակամայից ստացվում է այդ ներքին ընտրությունը՝ և՛ աշխատանքիդ տեսակի հետ կապված, և՛ ընտանիքի մոդելի։ Այսինքն, դեռ շատ ավելի վաղ այդ արժեհամակարգը ներսումդ կա, և ակամա ու ենթագիտակցորեն ես ընտրություն անում։ Վերջերս էլ այդ մասին մտածում էի ու փորձում հասկանալ, թե արդյո՞ք եղել է այդպիսի պահ, ակնթարթ, որ մտածեմ, թե որն է ինձ համար ավելի կարևոր։ Եթե նույնիսկ համեմատեմ ու անկեղծ լինեմ, ապա կասեմ, որ եթե անգամ փոքրիկ ընտրություններ են եղել իմ կյանքում՝ ընտանիքը շահել է, բայց կարիերաս էլ չի տուժել։

– Դուք խի՞ստ մայրիկ եք:

– Ես սովորական մայրիկ եմ, ուղղակի որոշակի սկզբունքներ ունեմ դաստիարակության մեջ ու կարծում եմ, որ մարդիկ, ովքեր բաժանում են մայրերին խիստ ու ոչ խիստ, ջղային ու բարի հատկանիշներով, հաստատ կասեն, որ ես խիստ չեմ, որովհետև ես երեխաներին, հատկապես փոքր տարիքում, երբեք չեմ ասում չի կարելի, կաղապարներ չեմ ստեղծում նրանց համար ու խուսափում եմ բոլոր չակերտավոր սահմաններից։ Իմ երեխաները շատ ազատ են մեծանում, բայց դրան զուգահեռ նրանք շատ խելոք, շատ լսող, ներդաշնակ ու ագրեսիայից զուրկ երեխաներ են։ Ավելի մեծ տարիքում խստությունը թույլատրելի է։ Օրինակ՝ Էվայի դեպքում, ով արդեն 11 տարեկան է, մի քիչ ավելի խիստ եմ, որովհետև դա այն տարիքն է, որ երբեմն պետք է մի բանը մի քանի անգամ ասել կամ շատ ավելի խիստ ասել, եթե մինչ այդ տարիքը ամեն բան ճիշտ ես արել։

– Ինչպիսի՞ն եք խոհանոցում:

– Խոհանոցը շատ եմ սիրում , ու մարդիկ ովքեր ինձ հետևում եմ համացանցում տեսնում են, որ շատ հաճախ երեխաներիս հետ եմ լինում խոհանոցում։ Սիրում եմ քաղցրավենիքներ պատրաստել, նոր բաղադրատոմսեր փորձել ու պատրաստել այնպիսի բաներ, որոնք հետաքրքիր են, մի քիչ տարօրինակ, երբեմն էլ՝ բարդ։ Խոհանոցն ինձ համար ստեղծագործելու ու վայելքի մի տարածք է։

– Ո՞րն է երջանիկ ընտանիք ունենալու գրավականը:

– Երջանիկ ընտանիք կազմելու գաղտնիքը թաքնված է մինչև այդ ընտանիքի ձևավորումը։ Այն կախված է կնոջ ու տղամարդու կատարած ընտրությունից։ Եթե ճիշտ ընտրություն ես կատարում, երջանիկ ընտանիքի հիմքը դնում ես հենց այդ փուլից սկսած։ Ճիշտ ընտրություն ասելով՝ նկատի ունեմ ընտրել մարդու, ով քո տեսակին է, քեզ նման է, քո ընտանիքի նման ընտանիքից դուրս եկած մարդու։ Ըստ իս, շատ ծայրահեղ բևեռներ չպետք է լինեն այդ երկու մարդկանց դաստիարակության, արժեհամակարգի, տեսակի ու որակի մեջ։ Եթե նախքան ամուսնությունը դու ճիշտ ընտրություն ես կատարել, ընտանեկան կյանքը սկսելիս ամեն ինչ ավելի հեշտ է ընթանում։ Միասին, քարը քարին դնելով, իրար սիրելով, հարգելով, գնահատելով արդեն հնարավոր է լինում ամուր տուն ու երջանիկ ընտանիք ստեղծել։ Իսկ երբ ի սկզբանե ճիշտ ընտրություն կատարած չես լինում, երբեմն ստիպված ես լինում շատ տարիներ ինչ-որ բաներ փոխել ինքդ քո ու դիմացինիդ ներսում, արպեսզի կարողանաս այդ տունը կառուցել, երբեմն այդպես էլ չես կարողանում։

– Եթե կարողանայիք անցյալում որևէ բան փոխել, որը կազդեր Ձեր այժմյան կյանքի վրա, ապա ինչը՞ կփոխեիք:

– Անցյալիս հետ շատ հաշտ եմ ապրում, դա ինձ համար շատ կարևոր է, ուստի շատ փոփոխություններ կատարելու կարիք հաստատ չունեմ։ Կարծում եմ, որ մարդու ներկայի համար շատ կարևոր է անցյալի հետ հաշտ ապրելը։ Փառք Աստծո, ես իմ անցյալի հետ շատ հաշտ եմ, շատ սիրում եմ իմ անցյալի հետ կապված յուրաքանչյուր պահը, դրվագը, օրը։ Այնպես որ գտնում եմ, որ փոփոխություններ անել չէի ցանկանա, եթե անեի էլ, ապա մեկ-երկու ինչ-որ թեթև ու անկարևոր բաներ, որոնց մասին նույնիսկ չեմ էլ մտածում։

– Ինչի՞ մասին էիք երազում, երբ դեռ փոքրիկ աղջնակ էիք:

– Ինչպես բոլոր փոքրիկ աղջիկները, ես նույնպես շատ երազանքներ ունեի։ Միշտ եմ երազել բժիշկ դառնալու մասին ու մինչ օրս երազում եմ։ Հավատում եմ, որ երազանքներն իրականանում են ու միգուցե տարիներ հետո ինչ-որ կերպ իրականացնեմ երազանքս ու արդեն գիտեմ, թե ինչպես։ Երազում էի ամուր ու գեղեցիկ ընտանիք ունենալու մասին, գիտեի, որ շատ երեխաներ եմ ունենալու։ Հետո արդեն երազում էի իմ սիրած մասնագիտությամբ աշխատելու մասին։ Մանկության ու պատանեկության երազանքներս, կածես թե մեծամասամբ իրականություն են դարձել։

– Ինչպե՞ս էին ընկերները կամ ընտանիքի անդամները Ձեզ դիմում մանկության տարիներին: Ունեի՞ք զվարճալի մականուն:

– Մականուն երբեք չեմ ունեցել։ Ինձ Մերի կամ Մերիկո էին դիմում։ Նույնիսկ այս տարիքում ընկերներս նաև շրջապատում ու աշխատավայրում որոշ մարդիկ ինձ Մերիկո են դիմում։

– Ինչը՞ կարող է Ձեզ հունից հանել:

– Ինձ հունից հանելն աշխարհի ամենաբարդ բաներից մեկն է։ Դա կարող են փաստել իմ ծանոթները, ընկերները, հարազատները, մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են։ Ներքին դժգոհություններ, բողոք կարող եմ ունենալ տարբեր բաներից՝ անարդարությունից, մարդկային չարությունից, անազնվությունից։ Բայց հունից դուրս գալ այնպես, որ բղավեմ կամ սկանդալ սկսեմ, չի պատահում։ Եթե անգամ նյարդայնացած իրավիճակում եմ հայտնվում, դա իմ ընտանիքում է լինում, օրինակ, երբ Էվայի հետ դաս ենք անում կամ ասենք, օրվա վերջում հոգնած և ուժասպառ եմ լինում ու երեխաներս ինձ բարկացնում են (ծիծաղում է,-հեղ․) Այդ պարագայում միգուցե բարկանամ, բայց ոչ ավելին։

– Ո՞ր երեք բառերով կնկարագրեք ինքերդ Ձեզ:

– Երջանիկ, հավասարակշռված ու ամենակարևորը՝ լավատես։

-Ո՞րն է Ձեր կյանքի սկզբունքը կամ կարգախոսը, որից երբեք չեք շեղվում։

– Որպես այդպիսին կարգախոս չունեմ, բայց լավատեսությունն է, որ ամեն տեղ օգնում է ինձ։ Գիտեմ, որ դեռ շատ փոքր տարիքից մայրիկիս խրատներով եմ այդպիսին դարձել ու աչքերիս առջև ունենալով մորս, որպես լավատեսության լավագույն օրինակ, ես մտապահել եմ նրա արտահայտությունները․ «ամեն ինչ լավ է լինելու», «քո կյանքում ամեն բան դրական է լինելու», «լավը տուր, որ լավը վերադառնա», «նույնիսկ ամենավատ իրավիճակում անգամ գտիր մի լույս ու գնա դրա հետևից»։ Այդ խոսքերն ինձ շատ են օգնել ու հիմա էլ ցանկացած իրավիճակում ես ենթագիտակցորեն առաջնորդվում եմ այդ մտքերով, որ միևնույնն է ամեն ինչ լավ է լինելու։ Պետք է լավը տալ մարդկաց, որպեսզի կյանքում լավը ստանալ։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան