Չորս փաստաբան հրաժարվել է դերասանուհի Էմբեր Հերդին պաշտպանել նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի դեմ դատական գործում

Չորս փաստաբան հրաժարվել է պաշտպանել ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդին՝ նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի դեմ դատական գործում։ Այս մասին հայտնում է The Blast պարբերականը։

Աստղը կորցրել է իր չորս փաստաբաններին՝ Ռոբերտա Քափլանին, Ջոն Քուինին, Ջուլի Ֆինքին և Դևիդ Բրուկին։ Պաշտոնական հայտարարության մեջ մասնագետները նշում են, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով նրանց համար զգալիորեն դժվարացել է կանոնավոր կերպով Նյու Յորքից Վիրջինիա հասնելը:

Փաստաբանները հայտնել են, որ հավատում են Հերդին, ինչպես նաև «հպարտանում են նրա մյուս փաստաբաններով»։ Գործը կփոխանցվի Վիրջինիայում բնակվող փաստաբանին։

Ջոնի Դեփի ներկայացուցիչները կարծում են, որ փաստաբանների մերժումը կապված չէ երթևեկության դժվարություններով։ Դերասանի թիմում վստահ են, որ Ռոբերտա Քափլանը դադարեցրել է Հերդի հետ համագործակցությունը՝ համոզվելով, որ նա ստում է բռնության մասին։ Փաստաբանը Time’s Up շարժման հիմնադիրներից մեկն է:

Հերդը և Դեփն ամուսնացել էին 2015-ի փետրվարին: 15 ամիս անց դերասանուհին ամուսնալուծվել էր՝ որոշումը բացատրելով «անհաշտ տարաձայնություններով»։ Պաշտոնական բաժանումից հետո նա նախկին ամուսնուն մեղադրել էր ընտանեկան բռնության համար:

Դեփը հերքում է բոլոր մեղադրանքները և պնդում է, որ իրենց հարաբերություններում Հերդն էր «ագրեսորը»: