Քարդաշյանն ԱՄՆ գերագույն դատարանին շնորհակալություն է հայտնել կալանավորի մահապատիժը հետաձգելու համար

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որն իրավաբանի կրթություն է ստանում և վերջին երկու տարում զուգահեռ ակտիվ զբաղվում է դատաիրավական ոլորտին առնչվող հարցերով, ԱՄՆ գերագույն դատարանին շնորհակալություն է հայտնել մահապատժի դատապարտված Ռուբեն Գուտերեսի դատավճռի իրագործումը հետաձգելու համար:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Գուտերեսը մեղավոր է ճանաչվել 1998թ. տարեց կնոջ սպանության համար, սակայն նա պնդում է, որ անմեղ է: Քարդաշյանը, ինչպես և կալանավորի կինն ու մի խումբ այլ ակտիվիստներ ևս համոզված են, որ Գուտերեսն անմեղ է և որ նրա գործի կրկնակի քննության կարիք կա:

«Շնորհակալ եմ Գերագույն դատարանին Ռուբեն Գուտերեսի մահապատժի իրականացումը հետաձգելու որոշման համար: Այժմ նրա գործը կվերադառնա դատարան և նորից կքննվի»,-գրել է Քարդաշյանը:

Հատկանշական է, որ Գերագույն դատարանն իր որոշումը կայացրել է մահապատժի իրագործումից մեկ ժամ առաջ: Դատարանը վճռել է, որ բանտային համակարգը խախտում է կալանավորի կրոնական իրավունքները՝ թույլ չտալով քահանային նրան ուղեկցել դեպի մահապատժի իրականացման սենյակ: