Արքայազն Չարլզը բողոքել է, որ կորոնավիրուսով վարակվելուց ամիսներ անց իր մոտ համի ու հոտի զգացողությունը չի վերականգնվել

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը բողոքել է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո իր մոտ հիվանդության ախտանշանները լիովին չեն անցել․ բրիտանացի թագաժառանգի մոտ չեն վերականգնվել համի և հոտի զգացողությունները, հայտնում է BBC News-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ուելսի արքայազնն անգլիական Գլոսթեր քաղաքի պետական հիվանդանոց կատարած այցի ժամանակ իր վիճակի մասին խոսել է բուժաշխատողների հետ։ Նշվում է, որ այցելության ընթացքում նրան ուղեկցել է կինը՝ Քոռնուոլի դքսուհի Կամիլլան․ ամուսինները երկրում կորոնավիրուսի համավարակից հետո առաջին անգամ են համատեղ հանրային այց կատարել։

Բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ արքայազնը «պատմել է, որ կորցրել է համի ու հոտի զգացողությունը և հավելել է, որ ախտանշանները մինչև այժմ դեռ չեն անցել»,նշել է բժշկի օգնական Ջեֆ Միլսը, որը նույնպես ներկա է եղել հանդիպմանը։

Արքայական ընտանիքի անդամները հանդիպման ընթացքում բուժաշխատողներին հավասար հետևել են վարակի տարածումից խուսափելու համար անվտանգության բոլոր կանոններին՝ այդ թվում և բժիշկներից պահել են սոցիալական հեռավորությունը։

Հիշեցնենք, որ արքայազն Չարլզի մոտ Covid-19 էր ախտորոշվել մարտի 25-ին։ Նա թեթև ախտանիշներ էր ունեցել և այդ ընթացքում շարունակել էր կատարել իր պարտականությունները։

Թագավորական աղբյուրները հայտնել են, որ նրա ինքնամեկուսացումը, «բժշկական ցուցումների համաձայն», տևել է յոթ օր։