Դերասանուհի Ռեբել Ուիլսոնը հրաժարվել է Հոլիվուդի հետ իր՝ քաշ չկորցնելու մասին պայմանավորվածությունից և նիհարել մոտ 18 կիլոգրամ (լուսանկարներ)

Ավստրալացի դերասանուհի Ռեբել Ուիլսոնը 40 տարեկանում որոշել է առաջնային կարևորություն տալ առողջությանը և հրաժարվել է Հոլիվուդի հետ ունեցած պայմանավորվածությունից, ըստ որի՝ նա չպետք է հրաժարվեր իր ավելորդ քաշից, հայտնում է Daily Mail պարբերականը։

Այս տարի մոտ 18 կիլոգրամ նիհարած դերասանուհին նոր հարցազրույցում նշել է, որ հանուն հոլիվուդյան կարիերայի շարունակում էր գեր մնալ և շատ էր տանջվում այդ հանգամանքից։

«Ես մի աշխատանք ունեի, որի համար ինձ մեծ գումարներ էին վճարում, ինչը երբեմն կարող էր մտքերս խառնաշփոթի վերածել»,- նշել է դերասանուհին և ընդգծել, որ կինոստուդիաների՝ նման քայլի գնալու պատճառը ոլորտում գեր դերասանուհիների պակասն է։

«Մարտին 40 տարեկանս լրանալուց հետո մտածեցի, որ այս տարի կենտրոնանալու եմ առողջությանս վրա։ Սա ավելին է, քան պարզապես քաշ կորցնելու ու մի որոշակի թվի հասնելու ցանկությունը․ սա հոգեբանորեն իմ չափից շատ ուտելու պատճառը հասկանալն է»,- պարզաբանել է աստղը և հավելել, որ այժմ աշխատում է իր և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական առողջության վրա, ուստի և շատ երջանիկ է զգում իրեն։

Դերասանուհին իր արդյունքներով կիսվում է նաև հետևորդների հետ՝ ինսթագրամյան հարթակում լուսանկարներ հապարակելով։