«Դե սպասիր» մուլտֆիլմի նոր սերիաներում գայլը չի ծխելու․ սպասվում են նոր հերոսներ ու փոփոխություններ

«Союзмультфильм» կինոստուդիայի տնօրեն Բորիս Մաշկովցևը հայտնել է, որ «Դե սպասիր» («Ну, погоди!») մուլտֆիլմի նոր սերիաներում գայլը չի ծխելու, դրա փոխարեն նախատեսվում է այլ խորհրդանշաններով կերտել հերոսի կերպարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ավելի վաղ կինոստուդիան մուլտսերիալի շարունակության 3 նոր հերոսների կերպարներ էր ներկայացրել, որոնք կլինեն փորսուղ Տիմը, ոզնի Շուն և եղջերու Ուլյան։ Ընդհանուր նախատեսվում է մուլտֆիլմի առնվազն 52 սերիա թողարկել, որոնք կստեղծվեն 3D ձևաչափով։

«Այն սերիաներում, որոնց համար այժմ սցենարներ են մտածում, գայլն ընդհանրապես չի ծխում»,- նշել է Մաշկովցևը՝ ընդգծելով, որ հարցը նրա կերպարի ծխելու մեջ չէ, այլ նրա, թե հերոսի մասին ինչ տեղեկություն է անհրաժեշտ փոխանցել հեռուստադիտողին։

Նրա կարծիքով՝ մեր օրերում հեռուստադիտողը գայլի ծխելը լիովին այլ կերպ է ընկալելու։

«Եթե գայլը ծխի, ապա տեղեկությունը կաղավաղվի։ Ժամանակակից հեռուստադիտողին գայլի նույն կերպարը հասցնելու համար լիովին այլ խորհրդանշաններ պետք է օգտագործենք»,- մանրամասնել է նա։

Մաշկովցևը նշել է նաև, որ մուլտֆիլմի ընդհանուր կառուցվածքը պահպանվում է, սակայն որոշակի փոփոխություններ լինելու են, քանի որ մուլտֆիլմի ստեղծմամբ այժմ այլ մարդիկ են զբաղվում։

Հայտնի է, որ ստուդիան դեռևս հերոսների հնչյունավորման համար դերասաններ չի ընտրել և դեռ քասթինգի փուլում է գտնվում։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, մուլտֆիլմի առաջին սերիաները կհայտնվեն այս տարի, առաջին սեզոնի շրջանակում կթողարկվի յոթ րոպե տևողությամբ 26 դրվագ։