«Իմ կյանքի ամենասիրելի տղամարդը»․ Նազենի Հովհաննիսյանն անկեղծանում է

Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է բոլոր հայրիկների տոնը և պատմել իր կյանքի ամենասիրելի տղամարդու՝ հոր մասին։
Իր հրապարակման մեջ նա գրել է․«Այսօր կրտսեր Նազուկին հարցնում եմ, ինչպիսի՞ն պիտի լինի տղամարդն ըստ քեզ։ Պարտաճանաչ»,- ասաց նա: Այդ մի բառի մեջ 12 տարեկան աղջնակն ինչքան իմաստ դրեց: Իր ապրածն էր:
Որովհետև դա էր տեսել, ու նրա մտապատկերում տղամարդու կերպարը դաջված կմնա հենց այդպիսին: Որովհետև Հայրս այդպիսին էր: Իմ հայրը նրա համար և պապ էր, և հայր:

Ես չգիտեմ Հայոց իրականության մեջ ընդհանրական ինչպիսին է հոր մասին պատկերացումը, բայց իմ կյանքի ամենասիրելի տղամարդը` հայրս, հենց այդպիսին էր. պարտաճանաչ: Ես չեմ հիշում, որ նա ուշանար, հոգնած լինելու պատճառով ինչ-որ բան կիսատ թողներ կամ մոռանար, անտրամադիր լիներ ու դա տեսնեինք, անկարող կամ ձեռնունայն լիներ…
Հուսահատ, թևաթափ կամ գլխիկոր լինե՞ր. երբեք: Նա հետաքրքիր ամրություն ուներ, առանց գոռալու իր «ուժեղ» լինելու մասին` պարզվեց այնքա՜ն ուժեղ էր։ Մենք միշտ պաշտպանված էինք նրանով, որովհետև հայրերը սեր են և պաշտպան: Իսկ նա հենց այդպիսինն էր:

Աշխարհը շատ է փոխվել, տղամարդիկ դարձել են հաճախ անտարբեր,ոչ ռոմանտիկ ու մի տեսակ անմասն, հեշտ կոտրում են, հեշտ հայհոյում, ուժը փնտրում փառքի ու փողի մեջ… Ուժը սիրո մեջ է ախր… Հեշտացրել են իրենց «կյանքը»`որոշումների ծանր չափաբաժինը թողնելով կանանց…չէ, չեմ մեղադրում, բայց մեկ է` չեմ համակերպվում…, իսկ հայրերն ուրիշ են, նրանք միշտ ուժ ու սեր են գտնում իրենց արքայադուստրերի համար ( գոնե իմ պատկերացմամբ պիտի լինեն այդպիսին) ու միևնույն է, ինչ էլ պատահի, վստահ ես, որ քո ասպետը` հայրդ, կողքիդ է` ինչ էլ որ պատահի… իմ հայրն այդպիսին էր։

Այնքա՜ն սեր եմ ստացել նրանից, այնքան հոգատարություն ու որակ, որ պատկերացումներումս անգամ չէի երազի: Ինչ լավ է, որ նա ինձ տրվել էր առանց իմ ընտրության. չէ՞, որ մարդ հիմնականում սխալ է ընտրում… մենք` քույրերով օրհնված էինք: Օրհնված` առանց ընտրելու…Նա իմ Սերն էր, է, ու կլինի միշտ: Աշխարհի բոլոր լավ Հայրերի օրն էր այսօր. պապ, ես քեզ էնքան եմ կարոտում… Պարտաճանաչ, բովանդակ ու ամփոփ: Այսպիսինն էր նա…ու անբուժելի ռոմանտիկ։ Նվիրվում է պաշտելի Հայրիկիս»: