Պրոդյուսեր Անուշ Էլբակյանը «Էմմի» մրցանակի է արժանացել

«Boston Globe» հրատարակության պրոդյուսեր և լրագրող  Անուշ Էլբակյանը միանգամից  արժանացել է երկու «Էմմի» մրցանակի։ Նա ֆեյսբուքյան էջում գրել է այդ մասին ու հայտնել, որ մրցանակները ստացել է Քեյփ Քոդում կլիմայի փոփոխության վերաբերյալ  վավերագրական ֆիլմի համար։

«Անուշ Էլբակյանը այսօր արժանացավ միանգամից երկու EMMY AWARD-«Էմմի» մրցանակի: Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի կողմից շնորհվող EMMY AWARD- բարձրագույն մրցանակը,Անուշի համար արդեն թվով հինգերորդ է։ Ու թող Մեր հաղթանակները շատ լինեն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Անուշ Էլբակյանի հայրը՝ ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, նկարիչ, գրող Արթուր Էլբակյանը։

Հիշեցնենք, որ 2019-ին Անուշը երեք «Էմմի»  մրցանակի էր արժանացել «Losing Laura»-ի համար (մարդկային ճակատագրեր- հետաքննություն): Նա տարբեր տարիներին ևս արժանացել է տարբեր հեղինակավոր մրցանակների, այդ թվում Էլբակյանը մասնակցել էր «Բոստոն Գլոբի» Բոստոնյան մարաթոնի ահաբեկչությունների և հետևանքների լուսաբանմանը, ինչի համար թիմի հետ միասին արժանացել էր Պուլիցերյան մրցանակի։