«Սա իրոք շատ լուրջ խնդիր է, և մենք ո՛չ կարող ենք պարտադրել, ո՛չ էլ բողոքել»․ դերասանուհի Տաթև Ղազարյան

Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը, չնայած այն փաստին, որ թատրոններն այժմ չեն գործում, իր թատրոնի և գործընկերների հետ համատեղ իրականցնում են օնլայն նախագծեր՝ հանդիսատեսի հետ մշտական կապը պահպանելու նպատակով։ Դերասանուհին թատրոնից բացի մի շարք այլ զբաղվածություններ ևս ունի, որի շնորհիվ էլ չի հասցրել ձանձրանալ կարանտինի ընթացքում։

ShowBiz.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր կարանտինային առօրյայից, թատրոնի հետաքրքիր նախագծերից, ինչպես նաև խոսել իր հետաձգված կամ չեղարկված ծրագրերից ու անդրադարձել բազմաթիվ այլ մեծ ու փոքր թեմաների։

«Ասեմ, որ կարանտինի օրերին տանը շատ երկար պարապ չեմ մնացել։ Ճիշտ է՝ թատրոնը չէր աշխատում, բայց ես այլ գործեր ևս ունեի, որոնցով էլ զբաղվել եմ այս ընթացքում։ Ուսանողներիս հետ Թատերական ինստիտուտի օնլայն դասընթացներն եմ անցկացրել։ Ինչպես նաև զուգահեռաբար հեռուստատեսությամբ ձայնագրությունների եմ մասնակցել ու գոնե շաբաթը մեկ կամ երկու օր անպայման տանից դուրս եմ եկել։ Այս ընթացքում նաև համագործակցել եմ որոշ կայքերի հետ, հեքիաթներ էի ուղարկում նրանց, կարդում էի տարբեր բանաստեղծություններ։ Մի խոսքով՝ օրս բավականին լեցուն ու բազմազան էր անցնում»,- պատմում է դերասանուհին։

Կարանտինի արդյունքում շատերի ծրագրերում հետաքրքիր փոփոխություններ կատարվեցին, շատերի մոտ էլ դրանք ընդհանրապես հետաձգվեցին կամ չեղարկվեցին։ «Նախ նշեմ, որ կարանտինից բառացիորեն մի քանի օր հետո պետք է մեկնեինք Սանկտ Պետերբուրգ հյուրախաղերի, որից հետո նաև Բելառուս, ու դրանք, բնականաբար, չեղարկվեցին։ Առաջիկայում դա էր մեր հիմնական ծրագիրը։  Մենք նաև հյուրախաղեր ունեինք նախատեսված դեպի Ամերիկա և Մոսկվա, որոնք կարծում եմ, որ մոտակա ժամանակներս հաստատ հնարավոր չի լինի իրականացնել։ Թատրոնում նաև մի քանի նոր ներկայացման պրեմիերաներ կային նախատեսված, առջևում էր նաև Թատրոնի միջազգային օրը, որի հետ կապված ևս հետաքրքիր պլաններ կային։ Պետք է կայանար նաև «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որտեղ ներկայացված էր մեր թատրոնը, որից զատ նաև ես էի ներկայացված։ Սրանք այն կարևոր և համեմատաբար մոտակա ժամանակներս տեղի ունեցող իրադարձություններն էին, որոնք, ցավոք, ևս անժամկետ հետաձգվեցին»,- կիսվում է Տաթև Ղազարյանը։

Զրույցի ընթացքում, երբ անդրադարձանք սպասվելիք նորություններին, դերասանուհին նշեց, որ այս իրավիճակում էլ, կարելի է ասել, իրենք նորություններով հարուստ են։ «Մեր թատրոնը այն թատրոններից է, որ տեղում չի կանգնել։ Այս իրավիճակից ելնելով էլ մենք փորձեցինք նորություններով ներկայանալ․ մեր գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը բազմաթիվ հետաքրքիր մտահաղացումներով հանդես եկավ, իրականացրինք «Առականի» ծրագիրը, հիմա ֆիլմ է նկարահանվում տան պայմաններում, ինչպես նաև բանաստեղծություններ ենք նկարահանելու և ցուցադրենք մեր հանդիսատեսին։ Իսկ այս ամենն արվում է միայն մի նպատակով, որպեսզի մեր և մեր հանդիսատեսի միջև եղած կապը չկտրվի»,- անկեղծանում է դերասանուհին։

Մինիմալ շփումն ու ամբողջ օրը տանն անցկացնելն իրենց հետ բերեցին կարոտի զգացում, ոմանք կարոտում էին իրենց հարազատներին, ոմանք էլ այն ամենին, ինչից հասցրել էին զրկվել․ «Քիչ-քիչ արդեն անցնում ենք բնականոն ռիթմին և կարծում եմ, որ այս ընթացքում ամենաշատը կարոտել եմ առանց տագնապի ապրելու զգացողությանը, երբ կարողանում էիր հանգիստ խղճով նայել մարդկանց աչքերի մեջ և ջերմորեն շփվել։ Հիմա, կարծես, բոլորս ապրում ենք գողի պես ու մեր շրջապատում էլ փնտրում ենք այդ «գողերին»»։

Կարանտինն ինչ-որ լուրջ փոփոխություններ կամ նորություններ չի բերել դերասանուհու կյանք․ «Որ ասեմ՝ ինչ-որ բան տվեց կամ փոխեց իմ կյանքում, սուտ կասեմ։ Այն տարբերակը չի, որ բոլորն ասում են՝ ես վերաարժեքավորեցի և հասկացա, որ մինչ այս սխալ կամ ճիշտ էի ապրում։ Չէ, այդպիսի զգացողություններ չեմ ունեցել։ Միայն ավելի ուրիշ տեսակի ստեղծագործելու հնարավորություն տվեց կարանտինը։ Այսինքն՝ նեղ պայմաններում ուղեղդ ավելի ճկուն է սկսում աշխատել և ավելի հնարամիտ ես դառնում։ Այ, երևի դա փոխվեց իմ կյանքում, որ սկսեցի յուրաքանչյուր հարցին ավելի հնարամիտ նայել և արդեն տարբեր կողմերից»։

Դերասանուհին պատմում է, որ այս ընթացքում ավելի շատ ժամանակ է ունեցել տանն անցկացնելու համար և արել է այն ամենն, ինչը որ աշխատելու ընթացքում այդպես էլ չէր հասցնում անել։ «Այս ընթացքում ինձ թվում է՝ ավելի շատ ժամանակ ունեցա ինձնով զբաղվելու, քան երբ աշխատում էի․ դիմակներ էի դնում, ինտերնետից որոշակի բաներ էի սովորում և դրանք կիրառում ինձ վրա»,- պատմում է Տաթև Ղազարյանը։

Դերասանուհին անչափ կարոտել է թատրոնը և ասում է, որ այն կարոտում է նույնիսկ այն ժամանակ, երբ թատրոնում է լինում․ «Նոր դերեր ունեի, նոր ներկայացումներ էին սպասվում։ Վերջերս էինք պրեմիերա ունեցել ու դեռ չէինք էլ հասցրել կարգին մարսել ու վայելել։ Շատ կարոտել եմ իմ աշխատանքին, բայց շատ էլ չեմ կտրվել այդ ամենից, այնպես որ ողբերգական չեմ տանում»։

Դերի առաջարկ ստանալիս դերասանուհու համար շատ կարևոր է, որ ինքն անելու բան ունենա․ «Այսինքն՝ ինձ հետաքրքիր լինի, իմ առջև դժվարություններ լինեն, որոնք ես կփորձեմ հաղթահարել։ Դերասանին, եթե տվյալ դերը շատ հեշտ է տրվում, այն նրա համար արդեն իսկ անհետաքրքիր է դառնում, եթե նույնիսկ դա հաջողված է լինում։ Իսկ այն դերերը, որոնց հասնելու համար դժվար, տատասկոտ ճանապարհ ես հաղթահարում, ավելի ստացված և սիրելի են դառնում»։

Տաթև Ղազարյանը մասնագիտական ընտրության հարցում երբեք չի փոշմանել և առհասարակ դերասանուհին իր արած քայլերի համար երբեք չի սիրում փոշմանել․ «Մասնագիտությունս, ի ուրախություն ինձ, փոշմանելու առիթներ չի տվել։ Իհարկե, պահեր եղել են, գուցե օրեր կամ մի ինչ-որ շրջան, բայց ես հետո անպայման հասկացել եմ, որ իմ կոչումը, առաքելությունը դերասանուհի լինելն է, այնպես որ ոչ մի տեղ չեմ կարող փախչել։ Իսկ եթե դերասանի մասնագիտությունը չընտրեի, հաստատ կուզեի բժշկուհի դառնալ»։

Վերջին շրջանում Հանրային հեռուստաընեկերությունն ուշադրության կենտրոնում հայնվեց իր նոր նախագծերով․ ֆիլմեր, որոնք նկարահանվում էին մեր դասականների հայտնի գործերի հիման վրա։ «Ինչու՞ չէ, շատ դրական կարծիք ունեմ դրա վերաբերյալ։ Չնայած որ կան ֆիլմեր, որոնք այդքան էլ մոտ չեն մեր դասական ստեղծագործություններին և ենթարկվել են ադապտացիայի, որի հետ ես ոչ միշտ եմ համամիտ և ոչ միշտ եմ դրանք համարում բարձրարժեք գործ։ Բայց ամեն դեպքում սա արդեն իսկ ողջունելի քայլ է, քանի որ երիտասարդությունը, երբ դիտում է այս ֆիլմերը և գիտի, որ դրանք նկարահանվել են Շիրվանզադեի այս կամ այն ստեղծագործության հիման վրա, գուցե մի օր էլ հետաքրքրվի և տեսնի, թե ով է Շիրվանզադեն, որ իր գործերը դառնում են բազմասերիանոց ֆիլմերի հիմք»,- կիսվում է դերասանուհին։

Թատրոնները լեփ-լեցուն տեսնել բոլորս ենք ցանկանում, այդ խնդիրը, կարծես թե, լուծված էր համարվում, սակայն եկավ կորոնավիրուսը, որից հետո մարդիկ կրկին մի տևական ժամանակ կսկսեն խուսափել թատրոններ այցելելուց․ «Հիմա, կարծում եմ՝ այս իրավիճակով պայմանավորված, թատրոնները ինչ-որ մի ժամանակ դատարկ կմնան։ Երբ հանդիսատեսը կկարողանա հաղթահարել միմյանց կողք կողքի նստելու և շփվելու վախը, այն ժամանակ էլ կրկին կտեսնենք լեփ-լեցուն դահլիճներ։ Սա իրոք շատ լուրջ խնդիր է, և մենք ո՛չ կարող ենք պարտադրել, ո՛չ էլ բողոքել, որովհետև ոչ ոքից այն արդեն կախված չէ։ Մեր թատրոնն այժմ էլ ամեն բան անում է, որպեսզի մեր հանդիսատեսի հետ կապը չկտրվի և երբ ամեն բան իր տեղն ընկնի, թատրոնը կրկին շարունակի իր բնականոն ընթացքը, ինչը որ ցանկանում եմ մեր բոլոր թատրոններին»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան