Ինչպե՞ս է Մելանյա Թրամփին հաջողվել առանց ամուսնու օգնության 50 մլն դոլար կարողություն կուտակել (լուսանկարներ)

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն իր գեղեցկության, ինչպես նաև բիզնեսի ոլորտում ճարպկության և նոր գաղափարների շնորհիվ կարողացել է առանց ամուսնու՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփի օգնության 50 մլն դոլար կարողություն կուտակել:

Luxury Launches կայքը նկատում է, որ ԱՄՆ նախագահի հետ ամուսնությունը, միանշանակ,  բարձրացրել է մոդելի կարգավիճակը, սակայն Մելանյան իրենով հմուտ կին գործարար է: Այժմ նա համարվում է ԱՄՆ-ի ամենահարուստ առաջին տիկիններից մեկը, որի հարստության կուտակման եղանակների մասին գրել է Luxury Launches-ը:

Մոդելինգ
Միլանից մինչև Փարիզ հայտնի Մելանյան իր մոդելային գործունեությունը սկսել է տասնութ տարեկանում՝ զարդարելով մի շարք հեղինակավոր ամսագրերի, այդ թվում՝ Vogue-ի, Vanity Fair-ի, Allure-ի և Harper’s Bazaar-ի շապիկները:

Մատչելի զարդերի հավաքածու
Մելանյայի հեղինակած զարդերի շարքում ներառված նմուշները ներկայացվում են որպես լյուքս դասի, սակայն ունեն բավական մատչելի գին, որը չի գերազանցում երկու հարյուր դոլարը: Աղբյուրը նշում է, որ հավաքածուի ներկայացումից հետո նմուշները սպառվել են հաշված րոպեների ընթացքում:

Caviar մաշկի խնամքի պարագաներ
Թեև այս բիզնես նախագիծը Մելանյային ֆինանսական առումով այդքան էլ հաջողություն չի բերել, սակայն նա ստացել է 250 000 դոլար, ինչպես նաև փոխհատուցում:

Daily Mail-ի դեմ հայցեր
ԱՄՆ առաջին տիկինը 2,9 մլն դոլար փոխհատուցում է ստացել բրիտանական Daily Mail պարբերականից, որի հոդվածներից մեկում ԱՄՆ առաջին տիկինը վարկաբեկվում էր: Նշվում էր, որ մոդել եղած ժամանակ նա գումարի դիմաց հանդիպել է հարուստ տղամարդկանց հետ: Ավելի ուշ պարբերականը ներողություն է խնդրել հոդվածի համար:

Լուսանկարների արտոնագրեր
Հայտնի է, որ միայն 2015թ. Մելանյան իր լուսանկարների արտոնագրերի համար 100 000-1 մլն դոլար է ստացել Getty Images ֆոտոգործակալությունից:

Աղբյուրը նշում է, որ իր վաստակած գումարի մի մասը տիկին Թրամփն ուղղել է ներդրումներին: Օրինակ՝ 2016թ. նա 1,5 մլն դոլարով բնակարան է ձեռք բերել ամուսնու Trump Tower երկնաքերում: