Տյոմի անկեղծ զրույցը՝ մասնագիտություն դարձող հոբբիի, սպասվելիք նորությունների, չեղարկված ծրագրերի ու դրականը տեսնելու մասին

Հայտնի երգիչ Տյոմ Հակոբյանը կարանտինի պատճառով ստիպված եղավ հրաժարվել շատ կարևոր համերգներից, շրջագայություններից ու հետաձգել ստեղծագործական նորությունները։ Բայց երգիչը ժամանակը զուր չի վատնել, այլ ավելի շատ ժամանակ է կարողացել հատկացնել ընտանիքին, սիրելի հոբբիին ու վերաարժևորել է կյանքը։ Showbiz.am-ի հետ զրույզում երգիչը պատմել է կարանտինային առօրյայի, նոր մասնագիտության, սպասվելիք նորությունների ու այլ թեմաների մասին։

Խոսելով իր կարանտինային առօրյայի ու տնային մեկուսացման պայմաններում գտած հետաքրքիր զբաղմունքերի մասին՝ երգիչը նշում է․ «Կարանտինի սկզբի օրերին պարզապես գժվում էի, որովհետև ես արդեն տարիներ շարունակ սովոր չեմ արձակուրդի։ Տարվա ընթացքում իմ արձակուրդը տևել է ամենաշատը 7-10 օր, այդ իսկ պատճառով էլ տանը երկար մնալն ինձ համար անսովոր էր։ Բայց քանի որ ֆիլմեր դիտելու մեծ սիրահար եմ, սկզբում օրս սկսեցի ֆիլմեր ու սերիալներ նայելով լցնել։ Դրան հաջորդեցին Tik Tok-ում տեսանյութերը, որոնք ես նկարում էի։ Իսկ հիմա, երբ արդեն որոշ սահմանափակումներով, բայց արդեն կարելի է տնից դուրս գալ, այդ ամենին գումարվել են նաև իմ գործերը»։

Ստեղծված իրաիճակի պատճառով Տյոմի ու OnPlay բենդի կյանքում, որի կազմում ելույթ է ունենում նաև նրա սիրելին՝ Էմմա Հովհաննիսյանը, շատ կարևոր ծրագրեր ու համերգներ խափանվեցին․ «Այս տարվա հետ կապված շատ պլաններ ունեի, շատ ծրագրեր էի կազմել։ Նախ ամենակարևորն ասեմ․ պետք է մեկնեի ԱՄՆ, բայց, ցավոք սրտի, սահմանների փակ լինելու պատճառով չստացվեց, հետևաբար կգնամ կարանտինից հետո։ Համերգների հրավերներ ունեինք թե՛ արտերկրում, թե՛ Հայաստանի սահմաններում։ Սիրելիիս հետ էլ ամառվա ընթացքում որոշել էինք հանգստանալու գնալ, քանի որ միասին ենք աշխատում ու գրեթե ազատ ժամանակ չենք ունեցել մինչ այս, որ կարողանայինք կտրվել աշխատանքից։ Որոշել էինք գոնե քսան օր մեզ տրամադրել ու գնալ հանգստանալու, բայց, ավաղ, 2020-ը հանգստից շուտ եկավ»։

Այնուամենայնիվ երգիչը փորձում է դրականը տեսնել ու չհուսահատվել․ «Կարծում եմ, որ տնային մեկուսացումն ունի դրական կողմեր, որովհետև ես ու ինձ նման շատ մարդիկ, որոնց ողջ օրն անցնում էր դրսում, այլ մարդկանցով շրջապատված, չեն կարողանում ժամանակ հատկացնել իրենց ընտանիքներին, վերջապես կարողացան շփվել նրանց հետ։ Կոնկրետ ես շատ քիչ ժամանակ էի անցկացնում իմ ընտանիքի հետ, որովհետև գործի բերումով կամ քաղաքում չէի լինում, կամ եթե այստեղ էի, ուրեմն կրկին երգում էի, խիտ գրաֆիկով աշխատում էի։ Գիշերը ուշ էի տուն վերադառնում՝ նրանք արդեն քնած էին, ու միայն առավոտյան սուրճ խմելիս էինք հանդիպում։ Ըստ իս, կարանտինն օգնեց մարդկանց սովորել ամեն ինչ կազմակերպել տանը։ Եթե առաջ ինչ-որ բան ծրագրելիս մտածում էինք, որ չարժե տանը կազմակերպել, հիմա տեսնում ենք, որ դա միանգամայն հնարավոր է։ Դա իր բացասական կողմերն էլ ունի, եթե մարդիկ սկսեն հարմարվել այդպիսի ապրելակերպին, բայց քանի դեռ կարանտինը շարունակվում է, պետք է տեսնենք տանը մնալու միայն դրական կողմերը։ Հուսով եմ, որ ամեն ինչ շուտ կկարգավորվի ու բոլորս կարոտած կանցնենք մեր բնականոն կյանքին ու առօրյային, որով ապրել ենք, բայց արդեն մեր ժամանակը խելամտորեն օգտագործելով, որովհետև կարանտինի ընձեռած ազատ ժամանակը բոլորիս ստիպեց ավելի շատ մտածել ու վերաարժևորել ամեն ինչ»։

Չնայած որ տարին այնքան էլ պարարտ հող չստեղծեց ակտիվ ստեղծագործական կյանքի համար՝ Տյոմը պատրաստվում է ուրախացնել ունկնդիրներին․ «Ստեղծագործական շատ նորություններ ունեմ, որոնք կրկին համավարակի պատճառով ստեղծված հանգամանքներում հետաձգվեցին, բայց շուտով հերթականությամբ կսկսեմ դրանք ներկայացնել հանրությանը։ Այս տարի որոշել էի շատ ակտիվ լինել, նոր երգեր ու տեսահոլովակներ ներկայացնել, բայց իրավիճակն իրոք խանգարեց։ Անհնար է կարանտինի պայմաններում անել այն ամենն, ինչ հնարավոր էր իրականացնել առանց դրա։ Մարտ ամսին երկրից դուրս համերգ ունեի, հասցրեցի գնալ ու վերադառնալ։ Դրանից հետո, մինչև օգոստոս մեր ծրագրերը կազմված էին, բոլոր օրերը զբաղված, բայց, ինչպես բոլորի համերգները, այնպես էլ մերը՝ չեղարկվեցին։ Ամենավատը հենց այն է, որ այդ համերգները ոչ թե պարզապես հետաձգվեցին, այլ չեղարկվեցին, քանի որ մարդիկ իսկապես չգիտեն, թե երբ է ավարտվելու այս ամենը։ Ոչ մեկին չես կարող մեղադրել, քանի որ մարդիկ պատկերացում անգամ չունեն, թե երբ կկարողանան իրենց պլանները իրականացնել։ Իհարկե, շատ եմ ափսոսում, որ այս տարին այսպես լռակյաց անցավ, ու դեռ պարզ չէ, թե այս ամենը որքան կտևի»։

Պատասխանելով հարցին, թե երբ սպասենք նոր երգերի, տեսահոլավակների կամ համերգների, երգիչն անկեղծանում է․ «Համերգների համար ոչինչ ասել չեմ կարղ, որովհետև երգիչները, երաժիշտները ու առհասարակ մեր ոլորտը անտեսված է ու ոչ մեկին չի հետաքրքրում, թե երաժիշտներն ու երգիչերը այս պահին ինչ միջոցներով են ապրում։ Օրինակ, ես մարտի տասներկուսից մինչ օրս ոչ մի օր չեմ աշխատել և ինձ նման շատ շատ արտիստներ։ Չէ՞ որ մեր ոլորտի ներկայացուցիչները նույնպես խնդիրներ ունեն, որոնք պետք է հոգալ։ Անգամ ռեստորաններն ու ակումբները դեռ բաց չեն, որ մարդիկ կարողանան աշխատել, ուղղակի կարծում եմ, որ եթե սրճարանները բաց են, ապա ոչ մի խնդիր չի կարող ներկայացնել բեմի վրա հանդիսատեսից հեռու կանգնած երգիչը։ Բայց տեսահոլովակներ ու երգեր լինելու են, ավելին ասեմ՝ այժմ էլ տարվում են աշխատանքներ, ու փորձում ենք կարանտինի ավարտվելուն պես արդեն ներկայացնել դրանք»։

Մինչ այս քչերը գիտեին սիրված երգչի երկու սիրելի զբաղմունքների մասին, որոնցից մեկը հավակնում է շուտով դառնալ երկրորդ մասնագիտություն․ «Ես այսպիսի մի սովորություն ունեմ․ առաջ, երբ աշխատանքից հետո ծայրահեղ հոգնած գալիս էի տուն, պետք է պարտադիր ֆիլմ նայեի։ Դա նույնիսկ չէր էլ քննարկվում։ Ֆիլմեր դիտելն իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկն է, բայց սիրում եմ միայնակ նայել։ Իսկ հոբբին կամ զբաղմուքը, որին ես վերջերս շատ ժամանակ եմ տրամադրում video making-ն է։ Սիրում եմ տարբեր տեսակի վիդեոներ նկարել, ինքս մոնտաժել, հաղորդումներ սարքել։ Դա անում եմ ինձ համար։ Ընկերներիս եմ նկարում՝ երգիչներին, երաժիշտներին ու հետո ամբողջովին մոնտաժում, պատրաստում և տալիս եմ նրանց։ Հուսով եմ, որ իմ այս հոբբին կդառնա ինձ համար երկրորդ մասնագիտություն, որը ոչ մի կերպ չի խանգարում իմ առաջին՝ երգչի մասնագիտությանը, այլ ընդհակառակը՝ օգնում է։ Այդ իսկ պատճառով էլ ուզում եմ համատեղել իրար հետ։ Շատ մեծ ցանկություն ունեմ, տարիների ընթացքում գիտելիքներս ավելացնելով, կարողություններս դարձնել ավելի պրոֆեսիոնալ մակարդակի ու արդեն կարողանամ ինձ մասնագետ համարել։ Դեռ սիրողական մակարդակի վրա են գիտելիքներս, բայց հուսով եմ, որ հետագայում կկարողանամ իմ ուժերով նկարահանել, մոնտաժել տեսահոլովակներ կամ ինչու չէ՝ ֆիլմեր։ Շատ եմ երազում մասնակցություն ունենալ ֆիլմի ստեղծման գործընթացում, որպես դերասան նույնպես կցանկանայի, բայց ավելի շատ ուզում եմ լինել ֆիլմը ստեղծողներից մեկը»։

Առաջին բանը, որ Տյոմը ցանկանում է անել վարակի նահանջից հետո, մարդկային ջերմ շփումների վերակագնումն է, որի պակասը այս օրերին շատերս ենք զգում․ «Համաճարակից հետո, կարծում եմ՝ առաջին քայլս կլինի այն, որ իմ բոլոր հարազատներին ու ընկերներին կհավաքեմ մի տեղում ու բոլորին մի լավ կգրկեմ ու կհամբուրեմ, կարոտս կառնեմ։ Համաճարակը ստիպողաբար բոլորին միմյանցից հեռվացրեց։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց կարծես միտքը նրանում լիներ, որ մարդիկ իրականությունից տեղափոխվեին օնլայն տիրույթ ու անձնական շփման կարիք չլիներ։ Ծանոթներ ունեմ, որոնք արդեն խոստովանում են, որ այլևս իրար ֆիզիկապես տեսնելու ցանկություն չունեն, մտածում են, որ տեսազանգով շփումը բավարար է։ Այս ամենի պատճառն այն է, որ դա է սերմանվում մարդկանց մեջ, մարդիկ վախենում են միմյանց բարևել ու մտածում են, որ դիմացինը պարտադիր վարակակիր է։ Այս վիրուսն այնպես պրոպագանդվեց ողջ աշխարհում, որ տվեց իսկապես այն արդյունքը, ինչ ակնկալվում էր։ Ուզում եմ, որ բոլորս վերադառնանք մեր բնականոն կյանքին ու սկսենք գնահատել մեր կյանքն ու այն ամենն ինչ մենք ունենք, քանի որ մեկուսացման պայմաններում հասկացանք, որ ամեն ինչ երկրորդական է, ու մեզ մնում է միայն սերն ու լավ հարաբերությունները։ Պետք է սիրենք, սատար կանգնենք միմյանց, մնացածը կյանքում ինքնաբերաբար լինելու է»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան