Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի գրքում արքայազն Ուիլյամը ներկայացվել է որպես աննրբանկատ և կարեկցանքից զուրկ մարդ

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի մասին պատմող «Որոնելով ազատություն» կենսագրական գրքում արքայազն Ուիլյամը ներկայացվել է որպես աննրբանկատ և կարեկցանքից զուրկ մարդ: Գիրքը լույս կտեսնի օգոստոսին, և թագավորական ընտանիքին մոտ աղբյուրներն անհանգստացած են այդ գրքում Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ավագ թոռանը բացասակայն լույսի ներքո ներկայացնելու փաստից, գրում է Daily Star-ը:

Նման կարծիք է հայտնել թագավորական լրագրող Ռասել Մայերսը։

Թագավորական ընտանիքին մոտ աղբյուրները կարծում են, որ գիրքը բացասական լույսի ներքո կներկայացնի արքայազն Ուիլյամին:

«Որքան գիտեմ՝ նրան անվանել են կարեկցանքից զուրկ և աննրբանկատ։ Մենք պատրաստվում ենք վատագույնին։ Այս կենսագրական գիրքը կարող է լավ ազդել Հարիի և Մեգանի հեղինակության վրա, բայց հեղինակազրկել թագավորական ընտանիքի մյուս անդամներին՝ նրանց վատ լույսի ներքո ներկայացնելով»,- պատմել է Ռասել Մայերսը:

Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, համագործակցում են երկու լրագրողի՝ Օմիդ Սքոբիի և Քերոլին Դյուրանի հետ իրենց կյանքի մասին պատմող գիրքը հրատարակելու հարցում։ Գիրքը ծավալուն կլինի՝ ավելի քան 300 էջ։ Դրանում արքայազն Հարին և նրա կինը կպատմեն իրենց կյանքի մասին ամբողջ ճշմարտությունը՝ 2018 թվականին ամուսնությունից մինչև թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունը վայր դնելու վերաբերյալ որոշման ընդունումը։