Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոանդրադարձ է կատարել երեկ Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր զորահանդեսին՝ ներկայացնելով զանգվածային միջոցառման ամենատպավորիչ պահերը:
Պարբերականը նկատում է, որ զորքերի, տանկերի և հրթիռների ցնցող ցուցադրությունը տեղի է ունեցել երկրում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեի նախաշեմին:
Հիշեցնենք, որ միջոցառմանը մասնակցել է 15 000 զինծառայող, ռեկորդային քանակությամբ՝ 234 միավոր ցամաքային ռազմատեխնիկա, 80 ինքնաթիռ և ուղղաթիռ, ցուցադրվել են նորագույն զինատեսակներ, այդ թվում՝ Տ-90Մ և Տ-80ԲՎՄ տանկերի նորագույն մոդելները, ինչպես նաև համազարկային կրակի «Տոռնադո–Ս» նորագույն ռեակտիվ համակարգը, Ս-350 «Վիտյազ» զենիթահրթիռային համակարգը:
Ընդհանուր առմամբ, զորահանդեսին մասնակցելու հրավեր է ուղարկվել աշխարհի քսան պետության ղեկավարի, որից տասներեքը հրավերն ընդունել է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնել Մոսկվա՝ ելնելով համաճարակային իրավիճակից: Զորահանդեսին չեն մասնակցել նաև Ադրբեջանի, Թուրքմենստանի նախագահները, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և այլք:
Կարմիր հրապարակով անցել են Հայաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի ռազմական հաշվարկները, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է եղել 70 հոգուց:
Հատկանշական է, որ զորահանդեսին մասնակցել են միայն այն զինծառայողները, որոնք կորոնավիրուսի նկատմամբ դիմադրողականություն ունեն: Բոլոր փորձերն ու մարզումներն անցկացվել են անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ: ՌԴ ՊՆ-ն վստահեցրել է, որ ամեն ինչ արվել է վարակի նոր բռնկում թույլ չտալու համար: