«Ստիպված ենք շատ բաներ սկսել զրոյից»․ Նարինե Սուլթանյանը՝ հետաքրքիր զբաղմունքների, աշխատանքի ու կարանտինային առօրյայի մասին

Հաղորդավարուհի, դերասանուհի Նարինե Սուլթանյանը, ինչպես գրեթե բոլոր կանայք, հայտնվելով տնային մեկուսացման պայմաններում, սկսել է ավելի շատ պատրաստել, նաև կարողացել է ավելի շատ ժամանակ հատկացնել սիրելի զբաղմունքներին ու դստեր հետ շփմանը։ Showbiz.am-ի հետ զրույցի ընթացքում նա պատմել է իր առօրյայի, կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկված նկարահանումների, հանգստի մեկնելու ցանկության ու այս դժվարին շրջանի ընթացքում կյանքը վերաարժևորելու անհրաժեշտության մասին։

Պատմելով իր կարանտինային առօրյայի մասին՝ հաղորդավարուհին նշում է․ «Ոչ մի օրիգինալ բան տեղի չի ունենում: Երևի թե անցնում է այնպես, ինչպես բոլորի մոտ՝ տանը: Իսկ ինչո՞վ կարելի է զբաղվել տնային մեկուսացման պայմաններում՝ առօրյայով, կենցաղով, ֆիլմեր դիտելով և դստերս հեռավար դասերով»:

Քանի որ մեկուսացման ընթացքն իսկապես շատ երկարեց, մարդիկ սկսեցին իրենց համար նոր հետաքրքրություններ գտնել ու սոցիալական կայքերում իրենց ընկերների ու հետևորդների հետ կիսվել տարատեսակ բաղադրատոմսերով կամ զվարճալի տեսանյութերով։ Նարինեն նույնպես սկսել է ավելի շատ ժամանակ անցկացնել խոհանոցում․ «Այո, շատերի նախասիրություններն ակնառու դրսևորվում է նրանց սոցիալական էջերից: Ես էլ, շատերի պես, հետաքրքրությունս գտել եմ խոհարարության մեջ՝ չնայած որ իմ նախասիրություններով չեմ կիսվել իմ ֆեսյբուքյան ընկերներիս հետ: Իհարկե, նախապատվությունս տալիս եմ քաղցրավենիքներ պատրաստելուն, թեպետ բացարձակապես քաղցրակեր չեմ: Երևի թե թխվածքի բույրն ավելի ինձ հաճելի է, քան ճաշատեսակներինը»:

Այս ընթացքում շատերը սկսեցին իրենց ուժերը փորձել այնպիսի ոլորտներում, որոնց հետ մինչ այդ առնչություն չեն ունեցել ու իրենց մեջ նոր տաղանդներ բացահայտել։ Անդրադառնալով այդ թեմային՝ Նարինե Սուլթանյանը նշում է․ «Ինչ վերաբերում է տաղանդին, որպես այդպիսին, տաղանդներ չեմ գտել, ուղղակի հասկացել եմ մի բան, որ թեկուզ փակուղում լինելը տալիս է հնարավորություն բացահայտելու ներքին ռեսուրսներդ»:

Նրա կարծիքով տնային մեկուսացման մեջ կան նաև դրական կողմեր, պարզապես պետք է դրանք նկատել․ «Անշուշտ ցանկացած բացասական երևույթի մեջ կարող ես դրականը տեսնել, եթե մարդն իր բնույթով հոռետես չէ: Դրական կողմերը նրանք են, որ ավելի շատ ժամանակ անցկացրեցի դստերս հետ, մեկուսացումը հնարավորություն տվեց ինքնազարգանալու և այն բաները, որոնց վրա ժամանակ չէի գտնում, փորձել եմ լրացնել այս ընթացքում՝ ֆիլմեր դիտելով, ընթերցելով և վաղուց փակված էջերը նորից բացելով: Օրինակ՝ տանը գտնվելիս հաճախ էի դաշնամուր նվագում, ինչը բավականին ոգևորում էր աղջկաս, նա նույնպես հաճախում է երաժշտական դպրոց, և գուցեև իմ այս զբաղմունքը նրան ուղերձ է, որ ոչինչ անհետ չի կորում»:

Հաղորդավարուհին խոսեց նաև արտակարգ դրության պատճառով չեղարկված նկարահանումների ու աշխատանքի մասին․ «Իհարկե, առաջնային չեղարկվեցին իմ նկարահանումները, ինչպես նաև որոշ առաջարկներ, որոնք ստիպված եղան սպասել։ Քանի որ այս համաշխարհային իրավիճակը ստիպեց մարդկանց վերաարժևորելու կամ վերագնահատելու իրենց արժեքները և բոլորին դրեց մի հարթության վրա՝ անկախ մասնագիտությունից, պաշտոնից և սոցիալական դիրքից, յուրաքանչյուրս հասկացանք, որ շատ բաներ այլևս նախկինի պես չի լինի: Եթե մարդիկ կային, որ դեռ մեկ տարի առաջ պլաններ էին մշակել, ապա այսօր հասկանում ենք, որ ոչինչ մեր ձեռքերում չէ: Եվ ստիպված ենք շատ բաներ սկսել զրոյից: Այնպես որ նորությունների մասին ոչինչ չեմ կարող ասել»:

Խոսելով իր սիրելի զբաղմունքների մասին, նա նշում է․ «Իմ ամենասիրելի զբաղմունքը ճանապարհորդելն է, ինչը, ցավոք, այս տարի չհաջողվեց: Իսկ որքան մեծանում ես՝ հասկանում ես, որ իրականում ամենաարժեքավորը կյանքում քո հարազատներն են և նրանց հետ անցկացրած ժամանակը: Առանձնահատուկ հոբբի այս պահին չունեմ, բայց եթե ունենայի հնարավորություն կրկին անցնելու նախկին կյանքին, կուզենայի գնալ ձիավարության»:

Հարցին, թե ինչը կլինի առաջին քայլը, որ կցանկանա անել, երբ ավարտվի կարանտինն ու վարակը նահանջի, Նարինեն պատասխանում է․ «Տոմս գնել և մեկնել ծով, ինչը հիմա կարոտախտով եմ հիշում, հատկապես, երբ որոշ երկրներ արդեն ունեն այդ հնարավորությունը, ինչը մի քիչ նյարդայնացնում է։ Հուսանք, որ այս կարանտինային իրավիճակը մոտ ապագայում կավարտվի, և բոլորը կանցնեն իրենց բնականոն կյանքին՝ առանց վախերի և սահմանափակումների»:

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան