«Հաղթահարում ենք քիչ ուտելով, ուտելուց էլ բնական կրակի վրա ենք կերակուր պատրաստում»․ «Նեմրա» խմբի ուրախ կարանտինն ու սպասվելիք նորությունները

Չնայած կարանտինային որոշ սահմանափակումների թուլացման՝ շատերը դեռևս չեն հասցրել վերադառնալ իրենց բնականոն կյանքին և առօրյային։ Շատերի վրա էլ այս ժամանակահատվածը լուրջ հետևանքներ է թողել՝ խափանելով նախօրոք գծված պլաններն ու ծրագրերը։

ShowBiz.am-ը զրուցել է «Նեմրա» ռոք խմբի մենակատար Վան Եղիազարյանի հետ, ով մեզ հետ խոսել է սիրված խմբի ներկայիս զբաղվածության և չեղարկված պլանների մասին, ինչպես նաև անդրադարձել է իրենց ապագա ծրագրերին և սպասվելիք նորություններին։

– Կարանտինը շատերի համար լավ հնարավորություն էր եղած ամբողջ ժամանակը ստեղծագործական կյանքին տրամադրելու համար դուք ինչպե՞ս այն օգտագործեցիք, ի՞նչ նորություններ կունենաք։

– Չէի ասի, որ մեզ համար շատ ոգևորիչ շրջան է ստեղծագործելու համար, ավելի շատ կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու և մի քիչ հանգստանալու շրջան է, բայց ընդհանուր առմամբ ավելի դեպրեսիվ ժամանակահատված է մեզ համար, քանի որ շատ պլաններ կային այս տարվա հետ կապված՝ հատկապես երկրից դուրս: Սակայն էլի պարապ չենք մնում, ի մի ենք բերում մեր հաջորդ ալբոմի երգերը, պատրաստվում ենք տեսահոլովակներ նկարահանել մեր ձայնագրված երգերի համար, ձայնագրել ենք կիսատ թողած երգերը և պատրաստվում ենք սկսել լրիվ նոր երգերի ձայնագրությունները:

Ի՞նչ պլաններ ունեիք, որոնք կորոնավիրուսի և կարանտինի պատճառով հետաձգվեցին կամ չեղարկվեցին։

– Այս տարի ունեինք շատ համերգների հրավերներ, թե՛ Հայաստանի քաղաքներով, թե՛ երկրից դուրս (ԱՄՆ, Իտալիա, Ռուսաստան, Վրաստան և այլն), հետո, քանի որ խմբի եկամուտը կախված է համերգներից, շատ համերգների դեպքում ավելի մեծ հնարավորություններ կունենայինք շատ տեսահոլովակներ նկարահանելու, և ավելի ինտենսիվ կձայնագրվեին նոր երգերը:

– Արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչների համար այս շրջանն առավել բարդ էր ֆինանսական առումով ինչպե՞ս եք այն հաղթահարում։

– Այո, մշակույթի ներկայացուցիչների համար շատ բարդ է, քանի որ չունենք համերգներ և չունենք եկամուտ: Հաղթահարում ենք քիչ ուտելով, ուտելուց էլ բնական կրակի վրա ենք կերակուր պատրաստում, զուգարան գնալիս ջուրը վերջին մասնակիցն է քաշում, փառք Աստծո, կան բազմատեսակ միջատներ և կենդանիներ… Մի խոսքով՝ տնտեսում ենք ինչպես կարող ենք: Իսկ եթե լուրջ, ունենք մի քիչ տնտեսած գումար, չգիտենք՝ ինչքան երկար կբավարարի, իրոք, փորձում ենք գրեթե ծախս չանել, դիմանալ և հասկանում ենք, որ պետք է զուսպ լինել մինչև միասին կհաղթահարենք այս դժվարին շրջանը:

– Իրավիճակով պայմանավորված շատերի աշխատանքը դարձավ հեռավար ձեր պարագայում որքանո՞վ է հնարավոր հեռավորության վրա աշխատելն ու էլի դրական արդյունքի հասնելը։

– Մեր դեպքում հեռահար աշխատելն անարդյունավետ է, քանի որ ինքներս հաճույք չենք ստանում, երբ հանդիսատես չկա մեր դիմաց, հեռակա աշխատում ենք մեր ձայնագրությունների վրա, բայց որպես համերգ անհրապույր ձևաչափ է: Իսկ եկամտի առումով՝ ժողովրդի համար այս ծանր պայմաններում վճարովի առցանց համերգ կազմակերպել նպատակահարմար չենք գտնում:

– Ի՞նչ եք կարծում՝ այս իրավիճակը ի՞նչ հետք կթողնի համաշխարհային և հայկական երգարվեստի վրա։

– Չեմ կարող կանխատեսել, թե ինչպես կզարգանա երաժշտությունը համաճարակից հետո, սակայն ինձ թվում է՝ իրավիճակն այնքան վատ էր, որ դրանից վատ չի էլ կարող լինել, և հույս ունեմ, որ ընդհակառակը ավելի լավ է լինելու, մարդիկ վերջապես կսկսեն գնահատել կենդանի երաժշտությունը, բնական հնչողությունը, հեղինակային և նոր երգերը կգերադասեն արդեն հին ու սիրված երգերից (ռիմեյքներից), նորից կձևավորվի համերգային մշակույթը, և մարդիկ կարոտած կսկսեն ավելի շատ հաճախել համերգների և վայելել իրական կյանքը:

– Եղավ պահ, երբ մենք ստիպված էինք շաբաթներով, նույնիսկ ամիսներով տանը փակված մնալ ինչպե՞ս էիք կոտրում ձանձրույթն ու ի՞նչ էիք անում այդքան ազատ ժամանակը լցնելու համար։

– Ինչպես արդեն նշեցի, ունեինք շատ կիսատ գործեր․ փորձեցինք ավարտին հասցնել թե՛ ձայնագրությունները, թե՛ կիսատ գրված երգերը, որոնք վերջնական տեսքի բերեցինք: Եղան համագործակցության առաջարկներ, որոնցից մեկը Ռուսաստանում հայտնի պրոդյուսեր Լեոնիդ Բուռլակովի կողմից էր, նա երկար տարիներ եղել է «Մումի Տռոլլի» և Զեմֆիրայի պրոդյուսերը: Նրա առաջարկով, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա առթիվ, թարգմանեցինք և ներկայացրինք Բուլատ Օկուջավայի հայտնի «Нам нужна одна победа» երգը, նախագծին մասնակցում էին երաժիշտներ տարբեր երկրներից՝ անգամ նախկին Սովետական Միության մեջ չմտնող… հետաքրքիր նախագիծ էր: Նաև հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրը ներկայացրինք օրորոցային «Վանա ճուտիկ» երգը՝ հատուկ փոքրիկների և նրանց ծնողների համար: Մասնակցեցինք Առաջին Ալիքի «Արտակարգ համերգ» ծրագրին և ՀՀ կառավարության էջով օնլայն համերգին, նաև մեկ երգով մասնակցեցինք Մայիսի 9-ի տոնական համերգին:

– Ստեղծագործող մարդու համար հե՞շտ է տանը փակված պայմաններում ոգեշնչման աղբյուր գտնելը։

– Ստեղծագործող մարդու համար էական չէ գտնվելու վայրը, քանի որ ամեն ինչ կատարվում է ուղեղում և գուցե նաև սրտում: Ամենահանճարեղ բանաստեղծություններից շատերը գրվել են բանտերում: Կոնկրետ իմ դեպքում, ես գրեթե բոլոր երգերը գրել եմ տանը փակված, բայց մինչև այդ գրելու պրոցեսը պետք է ապրել այդ էմոցիաները, և հետո շատ հաճելի է անգամ շաբաթներով փակվել տանը սեփական կամքով, բայց երբ պարտադրված ես դա անել և բոլորն են այդ իրավիճակում, այդ ամենը սկսում է նյարդայնացնել:

– Այս ընթացքում ինչի՞ն եք հասցրել ամենաշատը կարոտել, կա բան որը նախատեսում եք անել, երբ այս իրավիճակը կարգավորվի։

– Միանշանակ ամենաշատը կարոտել ենք համերգները և մեր հանդիսատեսին, առաջին բանը, որ պլանավորում ենք անել, երբ այս ամենն ավարտվի, իհարկե, համերգ կազմակերպելն է:

– Ի՞նչ տվեց Ձեզ կարանտինը և ի՞նչ փոխեց Ձեր և Ձեր մտածելակերպի մեջ։

– Անկեղծ ասած՝ ինձ մոտ կարանտին էր նախքան կարանտինի սկսելը, և սկսվել էր վերաարժեքավորելու շրջանը, տարբեր հարցերին ավելի հեռվից եմ սկսել նայել և տարբեր տեսանկյուններից: (Դե քանի որ աստղ եմ և աստղայինս վաղուց տարել է, տիեզերքից եմ նայում ամեն ինչին արդեն): Առաջ շատ ծայրահեղ էի մտածում տարբեր հարցերի շուրջ, իսկ հիմա ցանկացած հարցի վերաբերյալ տեսնում եմ թե՛ լավ, թե՛ վատ կողմերը, վատ երևույթներից շատ չեմ տխրում, լավ երևույթներից էլ գլուխս չեմ կորցնում: Չգիտեմ դա լավ է, թե՝ վատ: Բայց մի բան դեռ նույնն է հաստատ, չեմ համակերպվում աշխարհի և մարդկանց ոչ կատարյալ լինելու հետ, ինձնից սկսած:

– Ի՞նչ եք կարծում՝ այս իրավիճակից հետո հե՞շտ կլինի համերգների շուրջ հավաքել երաժշտասեր «ամբոխին», թե՞ ամեն դեպքում վախն իրենը կանի ու դեռ երկար ժամանակ մարդաշատ հավաքներ կազմակերպելը անհնարին կլինի։

– Կարծում եմ ամեն ինչ աստիճանաբար է լինելու, իհարկե դեռ երկար ժամանակ առաջվա պես չի լինի: Ինձ թվում է ամենադժվարը դեռ առջևում է, բայց հուսով եմ՝ պատվով կհաղթահարենք: Չնայած արդեն պատվով չենք հաղթահարում, որովհետև հասարակ դիմակ կրելը բարդ է մեր հասարակության համար,  երբեք չեմ հասկանա այդպիսի մտածելակերպ ունեցող մարդկանց, որոնք, կարծես թե, մեծամասնություն են մեր երկրում: Միայն կարող եմ խնդրել՝ ովքեր կարդում են հիմա սա, պահպանեն այդ կանոնները և կեղծ լուրերի չհետևեն: Միասին փորձենք հաղթահարել այս ճգնաժամը: Իսկ թե հետո ինչպե՞ս կլինի և ե՞րբ կլինի առաջվա պես, ոչ ոք չգիտի:

Հեղինակ՝ Լուս Ավագյան