Արհեստական ինտելեկտով ռոբոտը գիտաֆանտաստիկ ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում (տեսանյութ, լուսանկարներ)

Արհեստական ինտելեկտով ռոբոտը հոլիվուդյան գիտաֆանտաստիկ ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում։ «Բ» վերնագրով ֆիլմը կարժենա մոտ 70 մլն դոլար, գրում է Daily Mail-ը։

Էրիկա անունով ռոբոտը, որն արտաքնապես չի տարբերվում մարդկանցից, հանդես կգա գենետիկորեն ձևափոխված գերմարդու դերում, որը պայքարի մեջ է մտնում այն ստեղծած գիտնականների հետ:

Աղբյուրի տեղեկություններով՝ ռոբոտն անցյալ տարի Ճապոնիայում մասնակցել է ֆիլմի առաջին մի քանի կադրերի նկարահանումներին․ ֆիլմի մյուս մասը կնկարահանվի հաջորդ տարի:

Էրիկան, որը հանրությանը ներկայացվել էր դեռևս 2015 թվականին, Ճապոնիայի Օսակայի համալսարանի ռոբոտատեխնիկ Հիրոշի Իշիգուրոյի ստեղծած ռոբոտն է, որն իր ստեղծագործությունն անվանում է «աշխարհի ամենագեղեցիկ և մարդանման անդրոիդը»:

Հաղորդվում է, որ Հիրոշի Իշիգուրոն 2014 թվականից փորձում է հեռուստատեսությունում դեր ստանալ Էրիկայի համար, և երկու տարի առաջ հայտարարվել էր, որ ռոբոտը հանդես կգա որպես լուրերի հաղորդավար։