Եգիպտացի հայտնի պորտապարուհին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ TikTok-ում Եգիպտոսի ընտանեկան արժեքները խախտելու համար

Եգիպտացի հայտնի պորտապարուհի Սամա էլ Մասրին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման և 300 հազար եգիպտական ֆունտ (18 600 դոլար) տուգանքի՝ սոցիալական ցանցերում «անբարոյականություն և այլասերվածություն հրահրելու» համար, եգիպտական «Ալ Ահրամ» թերթին հղումով գրում է Insider-ը։

Եգիպտացի պորտապարուհին ձերբակալվել էր ապրիլին՝ Instagram և TikTok հավելվածների ազդեցիկ դեմքերի նկատմամբ կառավարության պատժիչ գործողությունների շրջանակում։

Կահիրեի դատարանը շաբաթ վճիռ է կայացրել առ այն, որ պորտապարուհին խախտել է Եգիպտոսի ընտանեկան սկզբունքներն ու արժեքները, ինչպես նաև սոցիալական ցանցերում իր օգտահաշիվն օգտագործել է «անբարոյական վարքագիծ» դրսևորելու համար։

«Ազատության և այլասերվածության միջև հսկայական տարբերություն կա»,-ասել է խորհրդարանի անդամ Ջոն Թալաաթը, որը դատի է տվել ոչ միայն Էլ Մասրիին, այլև սոցցանցերում հայտնի մի շարք այլ կանանց։

Նշենք, որ Եգիպտոսում 2018 թվականին կիբեռհանցագործությունների մասին նոր օրենք է մտցվել, որը կառավարությանը թույլ է տվել գրաքննության ենթարկել առցանց հաղորդագրությունները և վերահսկել հաղորդակցությունը: