«Կինը աստվածային է»․Լիլիթ Սալնազարյանը՝ նոր ֆոտոշարքի մասին

Դերասանուհի Լիլիթ Սալնազարյանը կարանտինի ընթացքում նոր ֆոտոշարք է պատրաստել իր երկրպագուների համար, որն առաջինը տրամադրել է Showbiz.am կայքին:
Լիլիթը նաև պատմել է ապագա ծրագրերի, կարանտինային առօրյայի և իր համարձակ լուսանկարների մասին։

-Ինչպե՞ս ներկայանալ նոր ֆոտոշարքով։
-Նոր ֆոտոշարքի հեղինակը իմ  ընկերներից մեկն է՝  Գոռ Ղազարյանը, ով առաջին հերթին տաղանդավոր երաժիշտ է, նաև ռեժիսոր, լուսանկարիչ… Մոտ 2 տարի առաջ էր, որ միասին ստեղծագործելու որոշում էինք կայացրել ու փաստորեն իրականացրեցինք 2 տարի անց։

-Գեղեցիկ մարմին ունեք ու հաճախ եք ներկայանում համարձակ ֆոտոշարքերով, ո՞ւմ մոտ է առաջանում մտահղացումը՝ Ձե՞ր, թե՞ լուսանկարչի։
-Ես իմ ֆոտոշարքերը համարձակ չեմ համարում, ես կբնութագրեի հետևյալ կերպ՝ կնոջը համարում եմ բնության հրաշքներից մեկը, իսկ կնոջ մարմինը՝ արվեստի իսկական գործ, որ իր գեղեցկությամբ կարող է ոգեշնչել արարելու, սխրանքներ գործելու։
Կնոջ մարմինը քանդակի նման է, ամեն մի ելևէջը, ամեն մի անցումը սեր է բուրում, մի խոսքով, կինը աստվածային է։
Տվյալ պարագայում, ես ինքս ինձ էլ նայում եմ կողքից, որպես միջոց գեղեցիկի մասին պատմելու…

-Համարձակ լուսանկարները հրապարակելուց հետո երբևէ բախվե՞լ եք քննադատության հետ։
-Ես երբևէ մարդկանց չեմ քննադատում, չեմ մեղադրում, չեմ չարանում որևէ մեկի դեմ։  Իմ կարևորագույն սկզբունքներից մեկը՝ միշտ, անկախ ամեն ինչից, մնալ բարի, դրական աուրա ու սեր ճառագել։ Ցանկանում եմ՝  նույնն կերպ էլ մարդիկ իմ հանդեպ լինեն…

-Իսկ նկարահանման ընթացքում եղե՞լ են զավեշտալի դեպքեր։
-Նկարահանման օրը եղան ծիծաղելի դեպքեր, որ ես ու Գոռը դեռ հիշելու ենք: Օրինակ, նկարահանման տարածքում լուսավորության խնդիրը լուծելու ժամանակ, հասկացանք, որ մեզ պետք է ինչ-որ մուգ կտորով փակել պատուհանը, քանի որ վարագույրը շատ թափանցիկ էր… Փնտրեցինք ու գտանք համապատասխան մի բան. երբ Գոռը, բարձրացավ աթոռի վրա ու փորձեց ծածկել պատուհանը այդ կտորով, սկսեցի փնթփնթալ, թե չես կարողանա, իջիր՝ ես կանեմ  ու նմանատիպ բաներ։ Արդյունքում՝ աթոռի վրա հայտնվեցի ես` վստահ, որ  առանց դժվարության կանեմ դա… Գոռը հեռացել էր ու երբ հետ եկավ, ես ոչ միայն չէի կարողացել անել ինձ այդքան հեշտ թվացող գործը, այլև ճարահատյալ փորձում էի բարձրանալ մի փոքր հեռավորության վրա գտնվող սառնարանի վրա, որ իբր ավելի բարձր կանգնեմ. չէի ուզում հանձնվել, ոնց կլիներ՝ արդեն ասել էի, որ ինքս կկարողանամ… Ու այդ պահին, պետք էր տեսնել Գոռի՝ հանգիստ ու միևնույն ժամանակ զարմացած հայացքը, որ երևի ասում էր՝ ինչ է անում այս աղջիկը։  Ու ընդհանրապես, այդ օրը Գոռ Ղազարյանի էներգետիկան ինձ հիշեցրեց ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնի լեգենդար՝ «Լեոն» ֆիլմում Ժան Ռենոյի կերպարին, այդ մասին իրեն բան չասացի։ Շնորհակալ եմ իրեն գեղեցիկ ստեղծագործական օրվա համար …

-Իսկ առհասարակ ինչո՞վ եք զբաղվում, ինչպե՞ս անցավ Ձեր կարանտինը։
– Կարանտինի սկզբնական 2 ամիսն էր, որ ամբողջովին անցկացրի տանը: Հիմա արդեն վերադարձել եմ աշխատանքային առօրյային: Բայց այդ 2 ամիսներն էլ ինձ համար անցան բովանդակալից: Կարանտինի շնորհիվ, իմ նման «հարդագողի ճամփորդը», թեկուզ և կարճ ժամանակով, բայց վերադարձավ տուն, ընտանեկան միջավայր. ծնողներիս վաղուց չէի տեսել… Ասես՝ երկար վազքից հետո, որ նաև փախուստի նման մի բան էր, կանգնել էի ու հանգիստ շունչ էի քաշում: Մենակ ապրելուն ու ամեն ինչ ինքնուրույն անելուն սովոր՝ 2 ամիս վայելեցի ընտանեկան ջերմությունն ու հոգատարությունը:

Օրվա ընթացքում անում էի այն ամենն, ինչն իսկապես ինձ հաճելի էր և ուրախացնում էր։ Օրը, ինչպես միշտ, սկսում էի մարզվելով, հետո կիթառը վերցնում ու փակվում էի սենյակում: Հուսով եմ՝ մի օր այդ հրաշք գործիքը թույլ կտա, որ իր լարերը խոսեն իմ հոգու լեզվով: Առայժմ անկանոն ու ժամանակ առ ժամանակ ընդհատվող պարապմունքներս էական արդյունքի չեն հանգեցնում… ժամանակի մի մասն էլ տրամադրում էի խոսակցական անգլերենի տիրապետմանը ու ֆիլմեր էի դիտում, ֆիլմեր, որ վաղուց պտտվում էին իմ գլխում: Հենց այդ ընթացքում էլ բացահայտեցի ռեժիսորին, ով կարողացավ ինձ ցնցել նույն կերպ, ինչպես ժամանակին դա արել էր Անդրեյ Տարկովսկին. նույնը արեց նաև Ինգմար Բերգմանը…

-Իսկ ի՞նչ ծրագրեր ունեիք, որոնք հետաձգվեցին կարանտինի պատճառով։
Կարանտինը ունեցավ նաև իր վատ հետևանքները. հետաձգվեցին կարևոր նախագծեր, որոնց ոգևորությամբ էի սպասում. թատրոնում ներկայացման պրեմիերա, ֆիլմերի փակ դիտումներ ու հետագա փառատոնային ակնկալիքներ…

-Կարանտինի ավարտից հետո ի՞նչ նոր նախագծեր կամ նորություններ կունենաք։
-Երբ այս ամենը ավարտվի, ամենամեծ ուրախությունը կլինի «Գոյ» թատրոնում «Էքվուս» ներկայացման պրեմիերան. այնտեղ մարմնավորում եմ Սատանային… համոզված եմ՝ այս ներկայացումը հուզելու է հանդիսատեսին իր ինքնատիպ էներգետիկայով: Կարանտինի ավարտից հետո սպասում եմ նաև Հովհաննես Ղազարյանի «HAPPY BDAY 2U» ֆիլմի փակ դիտմանը: Եվ մի շարք նոր նախագծերի առաջարկներ կան, որ նորից կախված են ներկայումս տիրող իրավիճակի կարգավորումից։ Նաև մտադիր եմ շարունակել վոկալի կիսատ թողած դասընթացները, քանի որ գնալով գիտակցում եմ, որ հոգիս կարող է իրապես խոսել կամ լռության լեզվով, կամ էլ երգի, երաժշտության…

-Ո՞րն էր կարանտինի ունեցած դրական նշանակությունը Ձեր կյանքում։
-Իմ դեպքում, կարանտինի ամենամեծ առավելությունն եղավ ծնողներիս հետ հոգևոր կապի վերահաստատումը. լինում էր՝ օրերով չէի զանգում, մինչև որ իրենք էին զանգում, իսկ հիմա ամեն օր զգում եմ, որ անպայման ուզում եմ խոսել ու իմանալ իրենց որպիսությունը: Կարծում եմ՝ մենակ չեմ այս հարցում, և որ կարանտինը  շատերին է մտերմացրել ու դարձրել ավելի հարազատ մեկը մյուսի համար:

Եթե դրական տեսանկյունից նայենք, սա նաև հնարավորություն էր ինքներս մեզ հետ մենակ մնալու, մեր սեփական եսը ավելի լավ ճանաչելու և գուցե թաքնված տաղանդներ բացահայտելու համար։
Ես փորձում էի զարգացնել իմ մեջ Տիեզերքի հետ փոխադարձ կապի զգացողությունը… զգալ տիեզերական էներգիան, գիտակցել, որ նրա մի մասնիկն եմ ու Մարդ եմ, որ պարտավոր եմ  լինել այն, ինչի համար ստեղծված եմ, սակայն հզոր բանականության հասնելը դեռ երկար ու տառապանքով լի է լինելու… հուսամ օրը կգա։

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան