«Փոքրիկի անունը վաղուց որոշված է»․ Քրիստինա Կարապետյանը՝ ընտանիքի համալրմանն անհամբեր սպասող ամուսնու ու որդու, փոքրիկի սեռի ու կարանտինի մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Քրիստինա Կարապետյանն ու ռեժիսոր Կարո Նաղդալյանը հաշված օրերից երկրորդ անգամ կվայելեն ծնող դառնալու բերկրանքը։ Զույգի առաջնեկը Միքայելն է, որը գիտի ընտանիքում նոր բալիկի հայտնվելու մասին և ուրախությամբ է սպասում նրան։ Showbiz.am-ի հետ զրույցում Քրիստինան խոսել է ընտանեկան կարանտինի, համավարակի պատճառով դեռ չպլանավորած խնջույքի մասին, ինչպես նաև մեր ընթերցողներին հայտնել երեխայի սեռը, ինչի մասին ամուսինները մինչ այս դեռ պաշտոնապես չէին հայտնել լրատվամիջոցներին։

 

Քրիստինան, պատմելով կարանտինային առօրյայի մասին, նշում է․ «Չնայած նրան, որ մարդկանց հետ շփման շրջանակները որոշ չափով սահմանափակել եմ, շարունակում եմ տնից դուրս գալ և մաքուր օդ շնչել, տանը փակված մնալը ավելի վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ»։

Երիտասարդ մայրիկն իր ողջ ժամանակն այժմ անցկացնում է ընտանիքի հետ։ Որպեսզի տնային մեկուսացումը շատ ձանձրալի չլինի իր, ամուսնու ու իրենց որդու՝ Միքայելի համար, նրանք հաճախ են միասին զբոսնում, իսկ Քրիստինան էլ, պահը բաց չթողնելով, ֆիքսում է ուրախ ու գեղեցիկ պահերն ու ընտանեկան լուսանկարներով կիսվում սոց կայքերում։

Շատ շուտով Քրիստինայի ու Կարոյի փոքրիկը լույս աշխարհ կգա: Մինչ այս զույգը դեռ պաշտոնապես չէր հայտնել փոքրիկի սեռը, բայց Քրիստինան որոշեց կիսվել մեզ հետ ու նշեց․ «Հաշված օրեր են մնացել և մեր որդին լույս աշխարհ կգա։ Փոքրիկի անունն էլ վաղուց որոշված է»։

Թե՛ Քրիստինան, թե՛ Կարոն, թե՛ նույնիսկ Միքայելը օրերն են հաշվում, որպեսզի դիմավորեն իրենց ընտանիքի նոր անդամին։ Դերասանուհին ու ամուսինը նույն հուզմունքն ու վառ հույզերն են զգում, ինչ առաջին երեխայի ծնունդից առաջ․ «Մեր երկրորդ որդու ծնունդին բոլորս ենք անհամբերությամբ և մեծ ոգևորությամբ սպասում»։

Քանի որ փոքրիկը ծնվելու է արտակարգ իրավիճակի պայմաններում, Հայաստանում այդ առթիվ ընդունված մեծ հավաքույթ կազմակերպելն ահնար է ու խոսելով այդ մասին, հաղորդավարուհին նշում է․ «Համավարակի հետ կապված՝ խնջույքի մասին պլաններ դեռ չկան»։

Քրիստինան առաջին երեխայի ծնունդից հետո սկսել էր ակտիվ մարզումներն ու արագ վերականգնել կազմվածքը։ Երկրորդ երեխայի ծնունդից հետո նույնպես նա պատրաստվում է արագ անցնել իր կյանքի առաջվա ակտիվ ռիթմին, իհարկե՝ երբ արտակարգ դրությունն ավարտվի ու վարակը նահանջի․ «Շարունակելու եմ ապրել, աշխատել և ինձ համար շատ կարևոր մարզումները վերսկսել»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան