Cirque du Soleil-ը սնանկացման եզրին է հայտնվել

Աշխարհահռչակ Cirque du Soleil-ը կորոնավիրուսի պատճառով սնանկացման եզրին է հայտնվել: Այս մասին հայտնի է դարձել կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված մամլո հաղորդագրությունից:
Մարտի վերջին կորոնավիրուսի պատճառով Cirque du Soleil Entertainment Group-ը դադարեցրել է իր գործունեությունը։ Այդ կապակցությամբ աշխատանքից ազատվել է 3500 աշխատակից, որոնք կազմում էին կազմակերպության աշխատանքային թիմի 90 %-ը:
Վերջիններիս, սակայն, խոստացել են հետ վերցնել աշխատանքի, երբ կազմակերպության գործունեությունը վերսկսվի:

«Վերջին 36 տարիների ընթացքում Cirque du Soleil-ը շատ հաջող և շահավետ կազմակերպություն էր: Սակայն COVID-19-ի պատճառով մեր բոլոր շոուների հարկադիր չեղարկումից հետո զրոյական եկամուտներով ղեկավարությունը պետք է վճռականորեն գործի՝ ընկերության ապագան պաշտպանելու համար»,-ընդգծել է ընկերության գլխավոր տնօրեն Դանիել Լամարը:
Ըստ ԶԼՄ-ների՝ Cirque du Soleil-ը պարտատերերին պարտք է գրեթե 1.6 միլիարդ դոլար, և այդ պատճառով ԱՄՆ-ից, Չինաստանից և Կանադայից խոշորագույն հովանավորների համար մրցույթ է հայտարարել։ Միևնույն ժամանակ, ընկերությունը 300 մլն դոլար օգնություն է ստացել ներդրողներից «վերագործարկման, տուժած աշխատակիցներին և գործընկերներին օգնություն ցուցաբերելու համար»։