Իսպանական La casa de papel սերիալի հայազգի դերասան Հովիկ Կեուչկերյանն այցելել է Հայաստան

Իսպանական La casa de papel («Թղթե տունը») սերիալի հայազգի դերասան Հովիկ Կեուչկերյանը, որը ողջ աշխարհում մեծ հայտնիություն ձեռք բերած հեռուստանովելում մարմնավորում է Բոգոտայի կերպարը, այս օրերին Հայաստանում է:

Դերասանի հետ սոցցանցում լուսանկարներ են հրապարակում հայ երկրպագուները: Հովիկ Կեուչկերյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում 1972 թվականին: Հայրը հայ է, մայրը` իսպանուհի: Ընտանիքը, փախչելով Լիբանանում սկսված քաղաքացիական պատերազմից, Իսպանիա է գաղթել 1975 թվականին, երբ Հովիկը 3 տարեկան էր:

Այժմ Կեուչկերյանը հանդես է գալիս որպես կատակերգու դերասան, բանաստեղծ և գրող, նախկինում եղել է բռնցքամարտիկ:

Սերիալը հանցավոր խմբի մասին պատմող դրամա է, որին առաջնորդում է Պրոֆեսոր մականունով հերոսը: Ավազակները կողոպտում են Իսպանիայի Թագավորական դրամահատարանը: Նրանք 2 տարի թաքնվում են, սակայն, երբ խմբի անդամներից մեկին՝ Ռիոյին, ձերբակալում են, ստիպված են լինում հարձակում կազմակերպել Իսպանիայի կենտրոնական բանկի վրա իրենց ընկերոջն ազատելու համար: Խմբի յուրահատկություններից մեկն այն է, որ անդամներից յուրաքանչյուրը մականուն ունի որևէ քաղաքի անունով: