«Հավանեցի ու համաձայնվեցի նկարահանվել»․ Իլոնա Մկրտչյանը` նոր սիթքոմային դերի և տեսահոլավակի մասին

«Փափուկ խաղալիք» սիթքոմից հայտնի դարձած դերասանուհի Իլոնա Մկրտչյանը սիթքոմի ավարտից հետո պարապ չի մնացել և արդեն հասցրել է ներկայանալ նոր ֆոտոշարքով, դրան զուգահեռ դերասանուհին արդեն զբաղվածություն ունի նոր նախագծում, նկարահանվել է տեսահոլովակում, ինչպես նաև պատրաստվում է իր հետևորդներին ներկայանալ ևս մեկ ֆոտոշարքով։

ShowBiz.am-ի հետ զրույցում Իլոնան խոսեց իր ներկայիս զբաղվածությունից, նոր նախագծից, ինչպես նաև երգի տեսահոլովակից՝ տրամադրելով լուսանկարներ նկարահանումներից։

«Սիթքոմի ավարտից հետո որոշեցի նոր ֆոտոշարք ներկայացնել ու քանի որ այդ ժամանակ չափազանց ակտուալ էր իսպանական La casa de papel հեռուստասերիալը, որոշեցի հենց հերոսների կերպարով էլ ներկայանալ։ Ի դեպ, շուտով նորից կլինեն նոր ֆոտոշարքեր։ Աշխատում եմ միշտ նորովի ներկայանալ, որպեսզի իմ հետևորդներին չձանձրացնեմ՝ չնայած որ հիմա այդքան էլ ակտիվ չեմ Ինստագրամում»,- պատմում է Իլոնա Մկրտչյանը։

Դերասանուհին այս ընթացքում ինչ-որ կարևոր ծրագրեր չի ունեցել, որոնք կարանտինի պատճառով հետաձգվել են։ Այն, ինչ նախապես պլանավորված է եղել, իրականացվել է,բայց, իհարկե, պահպանվել են պարետի բոլոր ցուցումներն ու անվտանգության կանոնները։

«Շուտով հետաքրքիր նորություն կունենամ, պլանավորում եմ վերադառնալ հեռուստաեթեր, այնպես որ շատ շուտով հեռուստադիտողը կրկին հնարավորություն կունենա ինձ հետևելու հեռուստաեթերից։ Չակերտները դեռևս չեմ կարող ամբողջությամբ բացել, բայց առաջարկ եմ ստացել նկարահանվելու նոր սիթքոմում»,- կիսվում է դերասանուհին։

Կարանտինի ընթացքում Իլոնան ստիպված չի եղել իր ժամանակի հիմնական մասն անցկացնել տանը, այլ ընդհակառակը՝ օրվա հիմնական մասը բացակայել է տանից աշխատանքային գործունեության պատճառով։ «Այդքան էլ ժամանակ չեմ ունեցել տանն անցկացնելու համար, պարբերաբար ինչ-որ նոր զբաղվածություններ եմ ունեցել, այնպես որ խնդիր չի եղել առօրյաս լցնելու և ավելի բազմազան դարձնելու հարցում»,- պատմում է Իլոնան։

Քանի որ արդեն ամառ է, բոլորը շտապում են հանգստի պլաններ կազմել՝ թեկուզ միայն Հայաստանի տարածքում․ «Հանգստի հետ կապված ևս պլաններ ունեմ, իհարկե, Հայաստանում անցկացնելու, քանի որ սահմանները փակ են և այլ տարբերակ, կարելի է ասել, չունենք։ Մոտակա պլաններիս մեջ է մտնում անպայման Գյումրի այցելելը։ Քանի որ դեռ չենք սկսել մեր նոր սիթքոմի նկարահանումները, պլանավորում եմ մինչ այդ գոնե մի քանի տեղերում լինել»։

Իլոնան լուսանկարվել շատ է սիրում, այդ իսկ պատճառով իր հետևորդներին երկար սպասեցնել չի տա և շուտով կներկայանա նաև նոր ֆոտոշարքով։ «Չեմ կարող ասել, որ դա համարում եմ ինքնաարտահայտվելու միջոց, բայց շատ եմ սիրում, որ լուսանկարները կերպարային են լինում, և ամեն անգամ հնարավորություն է լինում է՛լ ավելի հետաքրքիր և յուրահատուկ կերպարներում ներկայանալ»,- մանրամասնում է երիտասարդ դերասանուհին։

Այս ընթացքում Իլոնան նկարահանվել է նոր երգի տեսահոլովակում․ «Համագործակցել եմ երգիչ Արթուր Առաքելյանի հետ, ով, պետք է նշեմ, շատ հրաշալի ձայն ունի ու շատ տաղանդավոր է, այդ իսկ պատճառով էլ երբ առաջարկը ստացա ռեժիսոր Կարեն Ամյանից և հետո արդեն երգը լսեցի, շատ հավանեցի ու համաձայնվեցի նկարահանվել»։

Ըստ դերասանուհու՝ նկարահանումները բավականին հետաքրքիր են անցել․«Ասեմ, որ նավակ երբեք չէի նստել ու նկարահանումների բերումով այնպես ստացվեց, որ նավակով պիտի միայնակ բաց Սևան դուրս գայի, ինչի պատճառով բավականին վախեցած էի (վախենում էի խորտակվել)»,- կիսվում է իր տպավորություններով Իլոնան։

Կրկին անդրադառնալով նոր հեռուստատեսային նախագծին՝ դերասանուհին նշում է․ «Չափազանց ուրախացել էի, երբ առաջարկ ստացա նոր սիթքոմում նկարահանվելու, որովհետև շատ-շատ եմ սիրում իմ աշխատանքը ու դրա համար էլ կփորձեմ կրկին աշխատել ինձ վրա ու շտկել այն թերությունները, որոնք ունեցել եմ «Փափուկ խաղալիք» սիթքոմում նկարահանվելու ժամանակ»։

Իսկ այս ընթացքում Իլոնան արդեն հասցրել է կարոտել իրենց նախորդ սիթքոմի դերասանական անձնակազմին․«Թե՛ Անուշիկ Առաքելյանին, թե՛ Ծովինար Մարտիրոսյանին շատ եմ կարոտել, բայց չեմ կարող չառանձնացնել Մկրտիչ Արզումանյանին, ում շատ-շատ եմ սիրում և ում հետ հասցրել էի չափազանց կապվել»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան