Իլոն Մասկն ընդհանուր 62,5 մլն դոլարով վաճառում է Լոս Անջելեսում գտնվող իր 4 առանձնատունը (լուսանկարներ)

Ամերիկացի գործարար, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Լոս Անջելեսում չորս տուն է վաճառում 62,5 մլն դոլարով, հաղորդում է Daily Mail-ը:

Ամերիկյան Zillow առցանց անշարժ գույքի տվյալների բազայում Մասկի Լոս Անջելեսի չորս տները ընդհանուր առմամբ գնահատվում են 62,5 միլիոն դոլար։

Տները նկարագրվում են որպես «մեծ մտածողների նախագծեր, որոնցից բացվում են Լոս Անջելեսի ամենագեղեցիկ վայրերի տեսարանները»։

Տվյալների բազայում նաև ներկայացված է յուրաքանչյուր տան գինն ու այլ մանրամասներ։

Օրերս հայտնի էր դարձել, որ Մասկը 29 մլն դոլարով վաճառել է Լոս Անջելեսում գտնվող իր առանձնատներից մեկը։ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների համաձայն՝ գնորդն առցանց մոլախաղերի NetEase Inc ընկերության հիմնադիր ու գլխավոր գործադիր տնօրեն, չինացի միլիարդատեր Ուիլյամ Դինն է։

Մայիսի սկզբին Մասկը խոստացել էր վաճառել իր գրեթե բոլոր տները։ Նա այդ որոշումը բացատրել էր կյանքը հեշտացնելու ցանկությամբ։

Forbes-ի վերջին գնահատումների համաձայն՝ Մասկի կարողությունը 42,4 մլրդ դոլար է: Նա 31-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։