Ինչեր չես անի հանուն սիրելի կնոջ․ Քանյե Ուեսթի անակնկալը Քիմ Քարդաշյանին

Ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը կնոջ՝ ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի համար ձևափոխել է Հիդն Հիլզում գտնվող 60 մլն դոլար արժողությամբ առանձնատան մինիմալիստական լոգարանը։ Լոգարանի ձևափոխություններն իրապատում շոուի աստղը երկրպագուներին ցուցադրել է Ինստագրամի «Սթորի» բաժնում։

Վերջերս միլիարդատեր դարձած իրապատում շոուի աստղն իր հետևորդներին պատմել է, որ տուն վերադառնալով՝ «բոլորովին այլ լոգարան է բացահայտել, որն ասես կախարդական անտառ լինի»։

Քարդաշյանի հրապարակած տեսանյութերում լոգարանի մեջտեղում տեղադրված են տարբեր երանգների տարբեր բուսատեսակներ։

«Շատ գեղեցիկ է ու ակնահաճո»,- ասել է նա տեսանյութերից մեկում, իսկ մյուսում հավելել է, որ «շատ հաճելի քայլ է ամուսնու կողմից»։

Ավելի վաղ Քանյե Ուեսթը պաշտոնապես միլիարդատեր դառնալու կապակցությամբ Twitter-ում շնորհավորել էր կնոջը։

Դիմահարդարման պարագաների արտադրությամբ զբաղվող Max Factor բրենդի սեփականատեր Coty ընկերության՝ 200 մլն դոլարով Քիմ Քարդաշյանի KKW Beauty կոսմետիկ պարագաների բրենդի բաժնետոմսերի 20 տոկոսը ձեռք բերելու և կողմերի միջև կնքված պայմանագրի շրջանակում Քարդաշյանի ընկերությունը մեկ միլիարդ դոլար գնահատվելուց հետո 43-ամյա ռեփերը գովեստի ու հպարտության խոսքեր էր շռայլել 39-ամյա կնոջը՝ նշելով, որ չափազանց հպարտ է նրանով։

«Չափազանց հպարտ եմ իմ գեղեցիկ կնոջով՝ Քիմ Քարդաշյան Ուեսթով, որը պաշտոնապես միլիարդատեր է դարձել։ Դու կարողացար դիմակայել քեզ սպառնացող փոթորիկներին, և այժմ Աստված իր լույսն է սփռել քո և մեր ընտանիքի վրա»,- գրել էր Քանյեն։