Ջեֆ Բեզոսի կարողությունը նոր ռեկորդ է գրանցել՝ հասնելով 171,6 միլիարդ դոլարի

Ամերիկյան Amazon ընկերության արժեթղթերը թանկացել են 4,4 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 2878,7 դոլարի, ինչն ապահովել է ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի անձնական կարողության ավելացման հերթական ռեկորդը, գրում է dailymail.co.uk-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Բեզոսի կարողությունն այժմ 171,6 միլիարդ դոլար է գնահատվում։

Բեզոսի կարողությունը գերազանցել է 2018 թվականի սեպտեմբերի 4-ին գրանցված 167,7 մլրդ դոլարի ռեկորդը՝ ըստ Bloomberg-ի միլիարդատերերի վարկանշային ցուցակի:

Ուշագրավ է այն, որ աշխարհի ամենահարուստ մարդու կարողությունն այսչափ ավելացել է՝ չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարի ամուսնալուծության գործընթացի ժամանակ նա հօգուտ կնոջ հրաժարվել է Amazon ընկերության իր բաժնի քառորդ մասից։

Amazon-ն աշխարհի ամենաթանկարժեք բրենդն է համարվում։