Լիդիա Գրիգորյանի ու Գագիկ Մկրտչյանի կրտսեր որդու ծննդյան օրվա ու ատամհատիկի արարողության մանրամասներն ու լուսանկարները

Դերասաններ Լիդիա Գրիգորյանն ու Գագիկ Մկրտչյանը երկու հրաշք որդիների ծնողներ են։ Երեկ այս գեղեցիկ ընտանիքում իսկական տոն էր․ նրանց կրտսեր որդին՝ Դավիթը դարձավ մեկ տարեկան, ինչպես նաև նշվում էր նրա ատամհատիկը, որի ընթացքում փոքրիկը պատահաբար երկու մասնագիտություն ընտրեց։ Սիրված հերոսի ու նրա պատմության թեմատիկայով ծննդյան տոնի, ամենատպավորիչ նվերի և ուրախ օրվա այլ մանրամասների մասին Showbiz.am-ի հետ զրույցում պատմել է Լիդիա Գրիգորյանն ու տրամադրել կարևոր օրվա լուսանկարները։

«Երկար փնտրում էինք ծնունդի թեմատիկան։ Վերջապես գտանք Փոքրիկ Իշխանի կերպարը։ Մեր փոքրիկի գանգրահերությունն ու արտաքինը շատ նման են նրան։ Բացի այդ Փոքրիկ Իշխանը իմ ամենասիրելի ու իմաստուն կերպարներից մեկն է»,- պատմում է դերասանուհին։

Արտակարգ դրության պայմաններում խնջույք կազմակերպելու լավագույն տարբերակը Գագիկն ու Լիդիան գտել էին․ «Վարակի տարածումից ու վտանգներից խուսափելու համար որոշեցինք ծնունդն ու ատամհատիկը միավորել ու նշել ամառանոցում, նեղ շրջապատով։ Բայց օրն անցավ շատ լավ և շատ ուրախ։ Հյուրերից ներկա էին այն մարդիկ, որոնց հետ համաճարակի շրջանում շփում ենք ունեցել՝ մեր ծնողները և ընկերների նեղ շրջանակը»։

Դավիթը նաև պետք է ընտրեր իր ապագա մասնագիտությունը, բայց ամեն բան չանցավ այնպես, ինչպես նախատեսվում էր․ «Սիրում եմ, երբ ատամհատիկին երեխան մասնագիտությունը բնորոշող առարկաներից է ընտրություն կատարում, սակայն այդպես չստացվեց․ անկեղծ ասած, ատամհատիկի պարագաները մոռացել էի։ Բայց տեղում կողմնորոշվեցինք ու կազմակերպեցինք դա՝ թղթերի վրա տարբեր մասնագիտություններ գրեցինք, իսկ Դավիթը պատահականության սկզբունքով ընտրեց թուղթ, որի վրա գրված էր «Ճարտարապետ», հետո նկատեցինք, որ նրա առջև մի թուղթ էլ է ընկած, որի վրա էլ «Հոգեբան» էր գրված»,- պատմում է Լիդիան։

Երջանիկ մայրիկը նշում է նաև որդուն տպավորած նվերի մասին․ «Նրա համար ամենաուրախալի նվերներից մեկը հենց Փոքրիկ Իշխանի հագուստն էր, որը Դավիթի համար կարել և նվեր էր ուղարկել Արայիկ Գաբաջյանը։ Փոքրիկս շատ ուրախ էր տեսնելով իրեն շրջապատող մարդկանց ուրախությունը, ինչի համար շնորհակալ եմ մեր ընկերներին։ Նրանք այդ գեղեցիկ օրը տոն դարձրեցին»։

Քանի որ փոքրիկը դեռ չի կարող մոմերն ինքնուրույն փչել, Լիդիան և Գագիկը օգնել են նրան․ «Միայն հարցազրույցի ժամանակ հիշեցի, որ պետք էր մոմերը փչելիս նրա փոխարեն երազանք պահել, փաստորեն դա էլ էի մոռացել (հեղ․ ծիծաղում է)։ Բայց ծնողն իր սրտում միշտ ունի ամենամեծ երազանքը՝ որպեսզի երեխաները առողջ լինեն, վայելեն իրենց անհոգ ու խաղաղ մանկությունը»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան