Երեք մթերք, որոնք կանայք պետք է ներառեն իրենց սննդակարգում 40 տարեկանից հետո

Տարիքի հետ մարդկանց օրգանիզմն աստիճանաբար փոխվում է, ինչն իր ազդեցությունն է ունենում նաև կենսակերպի ու սննդակարգի վրա՝ ստիպելով հրաժարվել որոշակի սովորություններից ու ձեռք բերել նորերը։ Առավել ակնհայտ փոփոխություններ են տեղի ունենում կանանց օրգանիզմում, ինչի հետևանքով նրանք ստիպված են լինում մշտական վերահսկողության տակ պահել նյութափոխանակությունը, մկանային զանգվածը, հորմոնալ ֆոնը, տրամադրությունն ու մարմնի զանգվածը, քանի որ տարիքը բազմաթիվ հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոններից մեկն է:

Մասնագետները խորհուրդ են տալիս կանանց առանձնահատուկ ուշադիր լինել 40 տարեկանից հետո, քանի որ այդ տարիքում են սկսվում առավել լուրջ փոփոխությունները։ Առողջության ու գեղեցկության պահպանման համար բժիշկները խորհուրդ են տալիս ոչ միայն ակտիվ կենսակերպ վարել, այլև հետևել սննդակարգին, քանի որ որոշակի սննդարար տարրերն այդ տարիքում կանանց օրգանիզմի համար անհրաժեշտություն են դառնում։

Medikforum.ru կայքը ներկայացրել է երեք մթերք, որոնք կանայք պետք է անպայման ներառեն իրենց սննդակարգում 40 տարեկանից հետո։ Սննդամթերքի այս տեսակները կհագեցնեն օրգանիզմն անհրաժեշտ սննդարար նյութերով և կպաշտպանեն տարիքային անբարենպաստ փոփոխություններից։

Ձուկ

Յուղոտ ձկնատեսակները (օրինակ՝ սաղմոնը) հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով ու սպիտակուցներով, ինչի շնորհիվ շատ օգտակար են յուրաքանչյուրի համար։ Չնայած մեծ քանակությամբ ճարպի առկայությանը՝ այս ձկնատեսակներն օգնում են երկար ժամանակով ազատվել քաղցի զգացումից, ինչի շնորհիվ օրվա ընթացքում օգտագործվող կալորիաների ընդհանուր քանակությունը նվազում է։ Բացի այդ, օմեգա-3 ճարպաթթուները դրական ազդեցություն են ունենում մաշկի վրա, ինչը նույնպես շատ կարևոր է 40-ն անց կանանց համար։

Թթու կաղամբ

Հետխորհրդային տարածաշրջանում ու ասիական երկրներում շատ տարածված այս մթերքը ևս շատ օգտակար է, ինչը բնավ զարմանալի չէ, քանի որ այն հարուստ է օգտակար պրոբիոտիկներով, որոնք բարելավում են աղիների առողջությունը։

Դառը շոկոլադ

Տարատեսակ քաղցրավենիքը շատ տարածված ու սիրված է, սակայն 40 տարեկանից հետո կանանց խորհուրդ է տրվում քաղցր թխուկներն ու կոնֆետները փոխարինել դառը շոկոլադով։ Այս մթերքը հարուստ է ֆլավոնոիդներով, որոնք պաշտպանում են սրտամկանը, կարգավորում են զարկերակային բարձր ճնշումն ու նվազեցնում են շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։