Մեծ Բրիտանիայում Էլթոն Ջոնի պատվին թանկարժեք ոսկյա մետաղադրամ է թողարկվել (լուսանկար)

Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը (Royal Mint) հարգանքի տուրք է մատուցել բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնի կեսդարյա գործունեությանը և նրա պատվին հազար ֆունտ ստերլինգ ինքնարժեքով (1247 ԱՄՆ դոլար) ոսկյա մետաղադրամ թողարկել։ Փորձագետների գնահատականներով՝ դրա աճուրդային արժեքը գերազանցում է 68 000 ֆունտ ստերլինգը (ավելի քան 85 000 դոլար), այս մասին հայտնում է BBC լրատվականը։

Նկարիչ Բրեդլի Մորգան Ջոնսոնի դիզայնով ստեղծված մետաղադրամի վրա ծղոտե գլխարկ, երկու նոտայից կազմված կլոր ակնոց է պատկերված. առկա է Elton John մակագրութունը, որի տակ թիթեռնաձև կապած փողկապ է պատկերված։

«Էլթոն Ջոնը, անկասկած, թագավորության երաժշտական լեգենդ է, որն իր սերնդի ամենահաջողակ երգիչներից և երգահաններից մեկն է ճանաչվել»,- նշել է դրամահատարանի ներկայացուցիչ Քլեր Մաքլենանը և հավելել․ «Մենք ուրախ ենք այս կերպ նշել նրա նշանակալի ներդրումը բրիտանական երաժշտությունում»:

Թագավորական դրամահատարանն այժմ նաև հազվադեպ հանդիպող իրերի հավաքածուի ստեղծմամբ է զբաղվում Էլթոն Ջոնի հետ․ այն աճուրդի է ներկայացվելու, իսկ ամբողջական հասույթը Էլթոն Ջոնի բարեգործական հիմնադրամին՝ Charitable Trust-ին է ուղղվելու։