«Նորությունները կլինեն ոչ միայն աշխատանքային, այլ նաև․․․»․ Նարե Համբարձումյանի ընտանեկան կարանտինն ու սպասվող նորությունները

Հաղորդավարուհի Նարե Համբարձումյանն այս շրջանում եթերային զբաղվածություն չունի և իր ամբողջ ժամանակը տրամադրում է որդու՝ փոքրիկ Մարկի խնամքին և դաստիարակությունը։ Նարեն և իր ամուսինը՝ Արմեն Սարգսյանն, այս շրջանում չափազանց զգուշավոր են եղել՝ պահպանելով թե՛ իրենց և թե՛ Մարկի առողջությունը։

ShowBiz.am-ը Նարեի հետ զրուցել է կարանտինային շրջանից և իրենց ընտանեկան առօրյայից, անդրադարձել հետաձգված ծրագրերին և սպասվելիք նորություններին, խոսել ամառվա պլանների, Մարկի հետ հարաբերությունների, ինչպես նաև այս շրջանում առավել ակտուալ դարձած «աղջկական» հարցերի ու խնամքի մասին։

«Մենք շատ խիստ կերպով պահում էինք կարանտինը և շարունակում ենք պահել։ Ճիշտ է՝ ամուսինս աշխատում է և շփման մեծ շրջանակ ունի, բայց միշտ զգուշավոր է և պահպանում է բոլոր կանոնները։ Իսկ ես ու Մարկը շարունակում ենք գտնվել խստիվ կարանտինային պայմաններում։ Իհարկե, դուրս ենք գալիս զբոսնելու, որը, ի դեպ, առաջին իսկ օրվանից չեմ բացառել, որովհետև մաքուր օդը բոլորին է պետք, բայց հանրային վայրերից ինչքան հնարավոր է հեռու ենք մնացել և բացառել ենք ամեն տեսակի շփումը»,- պատմում է Նարեն։

Փոքրիկ Մարկի հետ Նարեն իր առօրյան առավել հետաքրքիր և բազմազան դարձնելու խնդիր չունի, և դա կփաստեն բոլոր մայրիկները։ «Մարկն այնքան հագեցած է իմ օրը դարձնում, որ չեմ հասցնում այլ զբաղմունքների մասին մտածել։ Օրվա հիմնական մասը կենտրոնացած է հենց իր վրա՝ խաղեր, զբոսանք և այլն։ Եթե ժամանակ է լինում, անպայման գիրք եմ կարդում։ Ֆիլմ, երևի թե, վերջին անգամ երկու ամիս առաջ եմ դիտել։ Մեր տանը հեռուստացույցը միանալուն պես մուլֆիլմեր կամ երաժշտություն է միանում, կամ առհասարակ օրվա ընթացքում հեռուստացույցը չենք միացնում։ Հաճախում եմ նաև մարզասրահ, որտեղ ևս պահվում են բոլոր նորմերը։  Դա ևս օգնում է չմտածել այս իրավիճակի մասին և ավելի դրական տրամադրվել։ Բացի այդ էլ այդպիսով կարողանում ենք պահպանել մեր առողջությունը, քանի որ սպորտը բավականին բարձրացնում է մարդու իմունային համակարգը»,- կիսվում է Նարե Համբարձումյանը։

Կարևոր ծրագրեր և պլաններ միշտ են լինում։ Նարեի մոտ ևս որոշ ծրագրեր հետաձգվել են․«Բայց ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։ Գուցե այդ ծրագրերն ավելի կհղկվեն, և արդեն հետագայում հնարավոր կլինի դրանք ավելի պրոֆեսիոնալ կերպով մատուցել։ Հիմա չեմ ցանկանում շատ փակագծերը բացել, բայց, իհարկե, կան արդեն վաղուց պլանավորած և գծված ծրագրեր, որոնք արդեն ուշանում են»։

Իսկ համավարակի ավարտից հետո Նարեն արդեն մի շարք նորություններ կունենա։ «Նորությունները կլինեն ոչ միայն աշխատանքային, այլ նաև ավելի անձնական բնույթի՝ անմիջապես իմ լսարանի համար։ Միանշանակ նոր ծրագրեր ու նորություններ լինելու են, որովհետև տևական ժամանակ է, ինչ ես, այսպես ասած, «հանգստի» մեջ եմ, և բազում մտքեր պտտվել են իմ գլխում, որոնք փորձել եմ իրականություն դարձնել»,- անկեղծանում է հաղորդավարուհին։

«Ասեմ, որ անչափ կարոտել եմ աշխատանքս, կարոտել եմ իմ լավ ընկերներին, կարոտել եմ մեր քաղաքի եռուզեռը, որն անգամ մինչև ուշ գիշեր շարունակվում էր։ Ամեն ինչն եմ կարոտել, անկեղծ եմ ասում։ Երևի թե ամեն օր մենք մեզ խաբում ենք՝ փարատելով, հույս տալով, որ շուտով ամեն բան կկարգավորվի։ Բայց ամեն դեպքում պետք չէ վհատվել, այլ հարկավոր է միշտ դրական տրամադրվել, քանի որ ուղղակի նստել, տխրել ու շատ խորանալ այս հարցում, կարծում եմ՝ ոչ մի դրական արդյունքի չի կարող հանգեցնել։ Այնպես որ՝ պետք է դիմանալ և միշտ հիշել, որ առողջությունը առաջնային տեղում է»,- կիսվում է իր կարծիքով Նարեն, ապա հավելում, որ կարանտինն իրեն առանձնապես ոչինչ չի տվել․«Բայց միանշանակ համոզված եմ, որ շատերին մտածելու, ինքդ քեզ հետ մնալու, վերագտնելու հիանալի հնարավորություն էտվել։ Ես միշտ եմ գնահատել այն, ինչն ունեմ, դրա համար չեմ կարող առանձնացնել մի բան, որն ինձ տվել է կարանտինը։ Ինքս բնավորությամբ շատ համբերատար մարդ եմ և աշխատում եմ միշտ դրականի մասին մտածել ու հենց դրանով էլ ուղորդվել»։

Մարկի հետ Նարեի ամեն օրն է հագեցած և իրադարձություններով լեցուն անցնում․ «Մեզ հետ զվարճալի դեպք ամեն օր է պատահում։ Մարկը մեր ուրախությունն է, և առանց այդ հավես ու հումորային դեպքերի չի անցնում մեր ոչ մի օրը։ Այս ընթացքում մի հետաքրքիր զբաղմունք էլ էի գտել, այնպես չէ, որ դա ինձ մոտ նոր էի բացահայտել, բայց ևս մեկ անգամ համոզվեցի դրանում։ Ես շատ հանգստանում են ներկել-նկարելուց և այս ընթացքում արդեն հասցրել եմ մի քանի կտավ ավարտել։ Իհարկե, ինքս չեմ նկարել, ես միայն գունավորել եմ, բայց ամեն դեպքում ինձ շատ է օգնում հանգստանալ և նոր էներգիայով լցվել»։

Կազմվածքի պահպանման և մաշկի խնամքի մասին այս շրջանում բոլորն են անհանգստանում, Նարեն սպորտով զբաղվելուց բացի այլ տարբերակներ ևս ունի․ «Ես երբեք դիետաներ չեմ պահել, բայց ամեն դեպքում փորձում եմ ոչ առողջ և վնասակար սննդից հեռու մնալ։ Մարմնի ու դեմքի մաշկի համար ևս հաճախ եմ դիմակներ օգտագործում, որոնցով կիսվում են նաև իմ Ինստագրամի «Սթորի» բաժնում՝ խորհուրդներ տալով իմ հետևորդներին»։

Նարեն և իր ամուսինը շատ են սիրում ճանապարհորդել, և իրենց համար նպատակային է տարին գոնե մեկ-երկու անգամ լինել արտերկրում։ «Իհարկե, ամառվա հետ կապված պլաններ կային, ցանկանում էինք մեկնել Եվրոպա։ Բայց, ցավոք սրտի, առնվազն մեկ տարի դրա մասին մտածել չենք կարող։ Ինչքան էլ որ բացվեն սահմանները և հնարավոր լինի մեկնել արտերկիր, միևնույնն է գործելու են որոշակի սահմանափակումներ, որոնք հաստատ կխոչընդոտեն լիարժեք հանգստի կազմակերպմանը»։

Սակայն սա լավ հնարավորություն է հանգիստը Հայաստանի տարածքում կազմակերպելու և նոր բացահայտումներ անելու համար․ «Ես միշտ եմ սիրել Հայաստանով ճամփորդել, լինել վայրերում, որոնք մինչ այդ ինձ համար անհայտ են եղել։ Իմ ընտանիքում միշտ այդ ավանդույթը եղել է, շաբաթ-կիրակի օրերին քաղաքից դուրս ենք եկել և վայելել հաճելի մթնոլորտն ու մաքուր օդը։ Այնպես որ՝ այս տարի էլ թեկուզ մեկ-երկու օրով, բայց պարբերաբար կբացակայենք քաղաքից ու կկազմակերպենք մեր հետաքրքիր ժամանցը»։

Բոլոր կանայք կխոստովանեն, որ երեխայի ծնունդը բեկումնային նշանակություն է ունենում յարաքանչյուրի կյանքում և նոր երանգներ ու փորձություններ է բերում կնոջ առօրյա․ «Ես միշտ եմ ասել, որ այս կյանքում ոչինչ հեշտությամբ չի տրվում, և կան բազում խնդիրներ ու հարցեր, որոնք լուծումներ են պահանջում։ Բայց ամեն պարագայում կարևոր է չվհատվել և դրականը տեսնել, այդպես շատ-շատ հարցեր քեզ համար աննկատ են դառնում կամ ավելի հեշտ են լուծումներ ստանում։ Բոլոր մայրիկներն էլ կփաստեն, որ երեխա մեծացնելը հեշտ գործ չէ, բայց դա ինձ համար իրոք մեծ հաճույք է և ի սկզբանե այդպես էլ եղել է։ Մարկը շատ հանգիստ երեխա է ու այդպիսով՝ նման է թե՛ ինձ, թե Արմենին։ Չունի կամակորություններ, և շատ հեշտ է նրա հետ լեզու գտնելը։ Ես երբեք դեպրեսիաների մեջ չեմ ընկել, քանի որ սիրում եմ ամեն ինչին թեթև նայել և թեթև ապրել, բայց կարծում եմ՝եթե Մարկը չլիներ, ես ինքս էլ այս շրջանում կընկնեի դեպրեսիվ վիճակի մեջ։ Իսկապես ճիշտ է ասված, որ երեխայի ծնունդը ահռելի փոփոխությունների առիթ է դառնում։Այն շրջադարձային նշանակություն է ունենում, կյանքդ 180 աստիճանով փոխվում է։ Եթե այն ժամանակ ես բնավորությամբ պատասխանատու մարդ էի, ապա այժմ դարձել եմ տասնապատիկ, հազարապատիկ անգամ պատասխանատու։ Մի տեսակ և՛ շատ հասունանում ես, և՛ շատ մանկանում երեխայիդ հետ։ Կյանքդ նոր երանգներով է լցվում և իմաստ գտնում մեկի մեջ։ Ու դրանից հետո դու իրոք համոզվում ես, որ այս կյանքում կնոջ գլխավոր առաքելությունը մայրանալն է, և ես ցանկանում եմ, որ բոլոր կանայք զգան այդ բերկրանքը»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան