«Ինձ այլ մասնագիտությամբ չեմ պատկերացնում»․ Քեթրին Մանասյանի անկեղծ զրույցը՝ սկզբունքների, երազանքների, որդու և մասնագիտության մասին

Դերասանուհի և երգչուհի Քեթրին Մանասյանը արտակարգ դրության ընթացքում զրկվել է սիրելի բեմի, հանդիսատեսի և ունկընդիրների հետ շփումից և ուժ ու եռանդ հաղորդող ստեղծագործական աշխատանքից։ Բայց նա դեռ փորձում է լավատեսորեն նայել իրավիճակին ու Showbiz.am-ի հետ զրույցում սիրված դերասանուհին պատմել է որդու հետ առօրյայի, Կամերային թատրոնում սպասվող նորությունների, իր նոր նախաձեռնությունների, երազանքների, սկզբունքների ու այլ թեմաների մասին։

Քեթրին Մանասյանը կարոտով է հիշում մինչկարանտինային աշխույժ ու զբաղված առօրյան․ «Մինչ արտակարգ դրություն հայտարարելը շատ ինտենսիվ աշխատում էի՝ ամենօրյա գրաֆիկով, գրեթե առանց հանգստյան օրերի։ Ամեն օր երեկոյան աշխատում էի Inspiration բենդի հետ, կենդանի կատարումներով էի հանդես գալիս՝ ջազային ու էստրադային ոճերում։ Աշխատում էինք երևանյան հայտնի ռեստորանային համալիրներից մեկում, ու համատեղում էի թատրոնի փորձերն ու աշխատանքները, ինչպես նաև Հանրային հեռուստատեսությամբ տարբեր ֆիլմերի ու մուլտֆիլմերի կրկնօրինակման աշխատանքները։ Այդ շատ եռուն աշխատանքային ընթացքը միանգամից ընդհատվեց, ու ինչպես ժողովուրդն է ասում՝ տաք էի ու սկզբում չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Հույս ունեի, որ այսքան չի ձգվի իրավիճակն ու իմ կոլեգաների նման փորձում էի օգուտ քաղել, մի փոքր շունչ քաշել, այդ դադարից խելացի ձևով օգտվել։ Բայց պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ չստացվեց, որովհետև ամեն ինչն էր դրդում սթրեսային իրավիճակում հայտնվելուն՝ սոց ցանցերում ու հեռուստատեսությամբ շրջանառվող նորությունները, մարդկանց տրամադրությունը և այլն։ Սկզբում ավելի թեթև ձևով փորձում էի տանը գտնվելս հանգստի վերածել, որպեսզի ավելի մեծ ուժով վերսկսեմ աշխատանքս, բայց ցավոք այդ ուժը նույն կերպ սկսեց նահանջել»։

Դերասանուհին անհամբեր սպասում է համավարակի նահանջին ու ասում․ «Ուզում եմ ուղղակի բաց քթով ու բերանով թթվածին շնչել բնության գրկում։ Ճիշտ է, շատերը գնում են մարզեր, փորձում այնտեղ անցկացնել օրը, բայց ես երևի չափազանց կարգապահ եմ եղել ու քանի որ փոքր երեխա ունեմ, սկզբնական շրջանում, կարելի է ասել, բացարձակ տնից դուրս չեմ եկել։ Նույնիսկ հացն էի տանը թխում, և պետք է ասեմ, որ շատ լավ էր ստացվում։ Զարմացել եմ (հեղ․ ծիծաղում է)։ Քանի որ սկզբում եղանակն էլ այդքան չէր նպաստում զբոսանքների գնալուն, փորձում էի տղայիս հետ հետաքրքիր զբաղմունքներ գտնել, ողջ օրս երեխայիս հետ էր անցնում։ Տղաս շատ ակտիվ երեխա է, ու նրա համար ամեն անգամ մի հետաքրիր զբաղմունք գտնելը բարդ է, քանի որ շուտ է ձանձրանում, ինչպես նաև կարոտում է իր ընկերներին, մանկապարտեզը։ Մտահոգված եմ, քանի որ նա սեպտեմբերից դպրոց պետք է հաճախի, ու հուսով եմ, որ նրա առաջին քայլերը դպրոց կլինեն, ինչպես որ հարկն է, այլ ոչ օնլայն ուսուցմամբ։ Այնպես որ արտակարգ դրությունից հետո ինչ էլ որ անեմ, ընդունելու եմ դա որպես ընծա, քանի որ այս կապանքները շատ սահմանափակեցին մարդկանց ու գորշ երանգներով լցրեցին բոլորի կյանքը։ Անհամբեր սպասում եմ՝ երբ կհայտարարվի արտակարգ դրության ու վարակի նահանջի մասին, դա կլինի հեքիաթների բարի ավարտի նման։ Փորձենք հավատալ հեքիաթների»։

Կամերային թատրոնն այս ընթացքում տարատեսակ հետաքրքիր նախաձեռնություններով հանդես եկավ, որոնց մասին պատմելով դերասանուհի նշում է․ «Կամերային թատրոնը այս ընթացքում փորձեց տարբեր լուծումներ գտնել ու պասիվ չմնալ։ Դա նպաստեց նաև մեր մարզավիճակը չկորցնելուն։ Դերասանների առաքելությունն է իրենց սպասող հանդիսատեսին պահել լավ էմոցիոնալ դաշտում, բայց մենք էլ մարդիկ ենք ու նույնպես կարող ենք ստեղծված իրավիճակում վախենալ, սխալ կարծիքներ կազմել՝ այսքան խիտ այլակարծության պայմաններում, բայց պետք է այդ ամենը խեղդել ու հիշել մեր առաքելության մասին։ Այդ իսկ պատճառով էլ սկսեցինք տարբեր նախաձեռնություններով հանդես գալ օնլայն հարթակներում՝ ֆլեշմոբեր, գեղանկարչության հայտնի դիմանկարների կրնկօրինակումներ տնային պայմաններում, ուղիղ եթերներ դերասանների մասնակցությամբ, տնային պայմաններում նկարահանված հոլովակներ և այլն։ Շատ ուրախ եմ, որ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, կարողացանք նոր լուծումներ գտնել ու նոր հմտություններ ձեռք բերել»։

Կամերային թատրոնում չեղարկված պրեմիերաների ու իր մասնակցությամբ սպասվող նախագծերի ու նորությունների մասին խոսելով, Քեթրինը պատմում է․ «Թատրոնում մեծ պրեմիերա էր սպասվում ու, կարծեմ, հենց մարտի 16-ին էլ պետք է լիներ, բայց հենց այդ օրն էլ հայտարարվեց սահմանափակումների մասին։ Պլանավորված հյուրախաղեր ունեիք, անցյալ տարի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումով մեկնել էինք Լեհաստանի շատ հեղինակավոր շեքսպիրյան փառատոններից մեկին, որի ընթացքում ներկայացումը մեծ արձագանք ունեցավ ու արժանացավ հանդիսատեսի համակրանքին։ Այս տարի հրավեր ունեինք Մակեդոնիայից, որը չեղարկվեց իրավիճակի պատճառով, ինչպես նաև շատ այլ ծրագրեր խափանվեցին, որոնք դեռ չգիտեմ՝ որքանով է հնարավոր այս տարի իրականացնել։ Կարծում եմ, որ գոնե բացօթյա դահլիճներում ներկայացումներ խաղալու տարբերակներ կմշակվեն, որպեսզի դերասանները կարողանան թեկուզ այդ տարբերակով վերադառնալ աշխատանքի, քանի որ մեր ոլորտը ամենատուժողներից մեկը եղավ։ Ինքս էլ ունեմ նորություն՝ հեղինակային հաղորդում, որի փակագծերը դեռ բացել չեմ ուզում, միայն կասեմ, որ այն կոչվում է «Քեթազոտություն», շուտով արդեն կհայտնեմ այդ մասին։ Նաև հրավեր եմ ստացել 6-12 տարեկան երեխաների դերասանական խմբակում դասավանդելու։ Առաջարկը եղել է Արգիշտի Արզումանյանի կողմից, ում հետ աշխատել եմ «Մանկապատում» կարճամետրաժ ֆիլմաշարերում։ Հիմա նորից այդ դպրոցը վերաբացվում է ու տարբեր դերասաններ այնտեղ դասարաններ կունենան, որոնցում կլինեն 6-18 տարեկան երեխաներ ու դեռահասներ»։

Ըստ դերասանուհու իրարից տարբեր կերպարներ կերտելը շատ կարևոր է ու Քեթրինն առանձնահատուկ մոտեցում ունի այդ հարցին․ «Ես դեռ պատանեկության տարիներից, որին բնորոշ է կուռքեր ունենալը, չեմ ունեցել կուռքեր, այդպիսի երեխա չեմ եղել։ Բայց ընթերցելով համաշխարհային դրամատուրգիա ու գեղարվեստական գրականություն, հիացել եմ շատ կերպարներով, մտովի նրանց կենսագրությունն ինձ հետ կապել, փորձել հասկանալ, թե ես ինչպես կվարվեի այս կամ այն հերոսի փոխարեն հայտնվելով։ Բայց պետք է ասեմ, որ ես ինձ համար գտել եմ երջանիկ լինելու այլ բանաձև ու որպես դերասան, առաջադրված յուրաքանչյուր կերպար մարմնավորելիս հիշել այլ հերոսների լավագույն, հետաքրքիր ու տպովորիչ բնութագրերն ու օգտագործել նոր կերպարը կերտելիս»։

Դերասանուհին կարևորում է ազնվությունն ու սեփական սահմանները գիտակցելը և նշում․ «Բավականին սկզբունքային մարդ եմ ու շատ տարբեր իրավիճակների համար ունեմ սկզբունքներ, որոնց փորձում եմ չդավաճանել, որքան էլ որ իրավիճակը ծայրահեղ լինի։ Մշտապես առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով․ «Իմ շահերը պետք է ավարտվեն այնտեղ, որտեղ սկսվում են մյուսների շահերը»։ Երբեք նպատակիս հասնելու համար չեմ անի քայլ, որը կոտնահարի դիմացինի շահը»։

Քեթրին Մանասյանը խոստովանում է, որ բացի սկզբունքային լինելը նաև երազկոտ է․ «Ես կարող եմ երազել ամեն ինչի մասին, քանի որ ինձ համար երազանքները պետք է լինեն անհավանական, իսկ ցանկությունները իրականանալի։ Երազում եմ անիրական երևույթներ մասին, մինչև անգամ լուսնի վրա հայտնվելու։ Դրանք իմն են ու զավեշտ կլինի դրանց մասին խոսելը։ Իսկ նպատակներս, ինչպես բոլոր նորմալ մարդկանց մոտ, ընտանեկան, անձնական ու այլ են և դրանց ես հասնում եմ ինքնուրույն»։

Քեթրինը չի պատկերացնում, թե ինչպիսին կլիներ իր կյանքը, եթե նա չդառնար դերասանուհի․ «Մեր բեմում, բացի խաղալուց, մենք պարում ենք, երգում ու կարելի է ասել, որ դերասանի մասնագիտությունը մի քանի այլ մասնագիտությունների սինթեզ է՝ երաժշտի, հաղորդավարի, կրնօրինակողի։ Բայց այս բոլոր մասնագիտություններն էլ այս ամիսների ընթացքում անգործության էին մատնված ու փաստորեն մեր մասնագիտության տեր մարդիկ մեկ այլ մասնագիտություն ևս պետք է ունենային, որպեսզի արտակարգ դրության պայմաններում աշխատանք ունենային։ Այս չորս ամիսների ընթացքում շատ եմ մտածել այդ մասին ու նույնիսկ կատակում էի և ասում, որ դուրս եմ գալու ու տաքսի վարեմ (հեղ․ ծիծաղում է)։Շատ եմ սիրում աշխատել ու չեմ համակերպվում պասիվ առօրյայի հետ։ Ես ինձ այլ մասնագիտությամբ չեմ պատկերացնում, օրինակ չէի կարող զբաղվել համակարգչային գրաֆիկայով, քանի որ այդ աշխատանքը նստակյաց է ու ողջ օրը համակարգչի առջև։ Ես շարժում եմ սիրում, պետք է ակտիվ անցուդարձի ու ստեղծագորական ընթացքի մեջ լինեմ»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան