«Ոսկե Ծիրան»-ը՝ առցանց. միջոցառումների մի մասը կհեռարձակվի փառատոնի ֆեյսբուքյան էջերում

Թեև համավարակային իրավիճակով պայմանավորված Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում, այնուամենայնիվ, հուլիսյան ծիրանային օրեր ու անակնկալներ կլինեն:
«Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հիմնականում չեն հետաձգվի ու կանցկացվեն նախապես որոշված օրերին՝ հուլիսի 13-16-ը, առցանց:

GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանն ասում է․ «GAIFF Pro-ն, ինչպես ցանկացած միջազգային կինոշուկա, հիմնված է շփման և կապերի ստեղծման վրա, և ցավոք, ինչպես կարելի է եզրակացնել, այս տարի հնարավոր չի լինելու Երևանում կազմակերպել մարդաշատ հանդիպումներ ու միմյանց ներկայացնել կինոգործիչների աշխարհի տարբեր ծայրերից: Սակայն այն չի հուսահատեցնելու ոչ մեզ, ոչ մեզ սպասողներին, քանի որ GAIFF Pro -ն տեղի է ունենալու հենց հուլիսյան օրերին և առցանց: Փորձելու ենք մեր նպատակները հնարավորինս ադապտացնել առցանց հարթակների կանոններին, օգտագործելու ենք արդեն հայտնի դարձած Zoom հարթակը և մեր ողջ երևակայությունը իրական կինոշուկային չզիջելու համար»։

Լինելու են անհատական հանդիպումներ ընտրված նախագծերի և միջազգային կինոմասնագետների միջև, աշխատարաններ ընտրված նախագծերի համար, ինչպես նաև վարպետության դասեր, պանելային քննարկումներ և զրույցներ` նախատեսված հավատարմագրում ստացած բոլոր կինոմասնագետների համար: