Բորիս Ջոնսոնը կարանտինային ռեժիմի թուլացումից հետո կտրել է մազերը և գնացել փաբ՝ խմելու

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային ռեժիմի սահմանափակումների թուլացման ֆոնին անցած հանգստյան օրերին այցելել է վարսահարդարման սրահ, ինչպես նաև փաբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Մանրամասներ չգիտեմ և չեմ էլ ծրագրում նման հարցեր տալ, սակայն վարչապետը թարմացրել է սանրվածքը և շաբաթ երեկոյան խմելու գնացել»,- լրագրողներին երկուշաբթի հայտնել է կառավարության գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը։

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի կառավարությունը հուլիսի 4-ից վերաբացման թույլտվություն է տվել մարտի կեսերից իրենց աշխատանքը դադարեցրած փաբերին, ռեստորաններին, գեղեցկության սրահներին: Հայտնի է, որ վատ տնտեսական իրավիճակի պատճառով առաջին օրը ոչ բոլոր հիմնարկություններն են բացվել։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 285 768 դեպք, մահացել է 44 236 մարդ։