Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը միջազգային փառատոնում լավագույնն է ճանաչվել

Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը միջազգային կինոհարթակներում:

Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխությանը 2019-ի լավագույն կինոնկար ճանաչված ու ևս 5 անվանակարգերում մրցանակի արժանացած «Էրկեն կիշերը» գրանցել է հերթական նվաճումը: Հայկական ազգային կինոակադեմիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կինոնկարը «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» է ճանաչվել THE INDIE FOR YOU FILM FESTIVAL փառատոնում:

Ռեժիսոր և սցենարի հեղինակ Էդգար Բաղդասարյանի 1 ժամ 40 րոպե տևողությամբ «Էրկեն Կիշեր» պատմական դրամա-ֆիլմաշարը ստեղծվել է 3 տարվա ընթացքում իրականացված նկարահանումների և հսկայածավալ աշխատանքի արդյունքում:

Ֆիլմի ռեժիսորը հանդիսատեսին է ներկայացնում երեք տարբեր պատմություններ՝ մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ: Ֆիլմի հերոսները դժվարին իրավիճակում հայտնված և ընտրության առաջ կանգնած անհատներ են, որոնց կատարած վճռական քայլը որոշիչ կարող է դառնալ նրանց կյանքում:

Տարբեր ժամանակաշրջանների հերոսների դրամատիկ պատմությունները կապված են գայլի և գնդաձև քարի հետ. ճակատագիրը հետապնդում է այդ քարի տերերին: Քարի հազարամյա ճամփորդությունը ժամանակի մեջ սկսվում է Նարեկացու դարաշրջանից, ապա անցնելով 1915-ի հայկական կոտորածների սարսափների միջով՝ հասնում է մինչև մեր օրերը և ավարտվում ամուսնական զույգի տարօրինակ ընտանեկան դրամայով՝ վեր հանելով եռանկյունու երրորդ կողմը կազմող փողոցային մարմնավաճառի բարոյական արժեքները, որոնք ավելի բարձր են, քան բարձրաստիճան ուղևորներինը:

Գլխավոր դերերում  հանդես են եկել՝  Շանթ Հովհաննիսյան, Սամվել Գրիգորյան, Լուիզա Ներսեսյան, Բաբկեն Չոբանյան, Նարինե Գրիգորյան, Մարիա Սեյրանյան, Մինաս Ասրյան, Վաչե Երիցյան։

Պրոդյուսերներ են Կարինե Սիմոնյանը, Էդգար Բաղդասարյանը։ Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։