Ո՞վ կլքի «La Casa De Papa» նախագիծը․ Ռաֆայել Ղազանչյանը՝ վեբ սերիալի պատմության մասին

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ յութուբյան հարթակում կինոսերները դիտում են «Հորանց տունը» (La Casa De Papa) հումորային վեբ սերիալը։ Կարճ ժամանակում այն այնքան սիրվեց, որ այժմ նաև ցուցադրվում է երկու հեռուստաընկերությամբ։ Սերիալը պատմություն է երեք եղբայրների մասին, ովքեր աշխարհի տարբեր ծայրերից` ԱՄՆ-ից, Ռուսաստանից և 9-րդ Մասիվից, գալիս են Երևան. «Գալիս են, որպեսզի նշեն իրենց «ընդհանուր» հայրիկի տարեդարձը, որին մարմնավորում է Լևոն Հարությունյանը: Թե ինչպե՞ս ստեղծվեց սերիալի մտահղացումն ու ի՞նչ միջոցներով այն հասավ նման հաջողության, Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է Ռաֆայել Ղազանչյանը։

-Կպատմե՞ք նախագծի մասին։
-Հայաստանում առաջին նախագիծն է, որն ունի 4 պրոդյուսեր։ Մենք՝ ես, Արմեն Վարդանյանը, Անդրանիկ Հարությունյանը, Զոհրաբ Հայրապետյանը, երբ տարվա սկզբին սկսվեց կորոնավիրուսն, ու ամբողջ շոու-բիզնեսը միանգամից հայտնվեց վատ վիճակում, որոշեցինք անել որևէ նախագիծ յութուբյան ՝ «Դեպուտատի Շոու» ալիքում, ու քանի որ մեր ժողովուրդը, մանավանդ այս օրերին, շատ է սիրում սիթքոմներ, որոշեցինք անել վեբ սերիալ։ Լարված իրավիճակում ուղեղի բջիջներն ավելի լավ են աշխատում ու մտքեր են քեզ տալիս։

-Ո՞ւմ մոտ առաջացավ սերիալի մտահղացումը։
-Գաղափարը մի հոգու մոտ չի ծնվել։ Մենք չորսով նստած մտածում էինք՝ ինչ անել, որպեսզի չգժվել, որովհետև երբ մարդ ոչինչ չի անում երկար ժամանակ, զբաղված չի իր սիրելի գործով, սկսում է ցնդել ու գժվել։ Որպեսզի դրան չհասնեինք, հասկացանք, որ շատ մարդիկ չունեն զբաղմունք, ու որոշեցինք փորձնական 1 սերիա նկարահանել ու տեսնել՝ կստացվի մեզ մոտ, թե՞ ոչ։ Մեզ հավատացին շատ գործընկերներ ու միացան, ու որոշեցինք սերիալ ստեղծել յութուբյան հարթակում։

-Իսկ ինչպե՞ս առաջացավ սցենարի գաղափարը։
-Երբ հասցնում եմ կարդալ մեկնաբանությունները, տեսնում եմ, որ կան մարդիկ, ովքեր մտածում են՝ սերիալի միտքը կրկնօրինակած է, սակայն գաղափարը զրոյից մտածված է, կրկնօրինակված է միայն գլխադիրը, տեսահոլովակը, ստիլիստիկան ու անվանումը, որը նման է «La casa de papel»- ին։ Ամենակարևորը՝ սաունդթրեքն ենք վերցրել`«Bella Ciao»-ն, որը վաղուցվա երգ է, այն մենք հայկականացրել ենք, որովհետև այդ երգն ամբողջ աշխարհում կատարվում է տարբեր երկների ներկայացուցիչների կողմից։

-Իսկ ինչո՞ւ հենց «Bella Ciao»-ն։
-Բացատրեմ՝ ինչու հենց դա ընտրեցինք, որովհետև այն ծանոթ երգ է, բոլորը գրեթե գիտեն աշխարհում։ Այն վերցրինք ու դարձրինք հայկական՝ ոչ թե թարգմանելով, այլ ամբողջովին փոխելով բառերը։ Բայց որևէ կապ սցենարի կամ մտահաղացման հետ մեզ մոտ չկա։ Պատմությունը վերցրել և գրել ենք զրոյից։ Համարում ենք, որ այս նախագիծը հաջողված է։ Որովհետև ընդամնեը երկու բացասական կարծիք եմ լսել սերիալի մասին։

-Որո՞նք են այդ կարծիքները։
-Առաջինը՝ ինչու՞ է գովազդը շատ, բայց մենք խոստացանք, որ 10-րդ սերիայից արդեն կպակասեցնենք այն, գովազդը տանելով ոչ միայն յութուբյան ալիք, այլ նաև հեռուստաընկերություն, քանի որ սերիալն արդեն ցուցադրվում է 2 հեռուստատեսությամբ։ Իսկ երկրորդ բացասական կարծիքն այն է՝ ինչու է սերիալը շուտ վերջանում։ Սակայն, երբ սերիալը շուտ է ավարտվում, դա լավ է, կոպիտ ասած՝ համը բերանն է մնում, չնայած 20 րոպեն սերիալի համար այդքան էլ քիչ չի։ Ասեմ՝ երբ մի նախագծի մասին բոլորը դրական են խոսում, սկսում է ֆեյքային հոտ գալ, բնականաբար, պետք է լինեն և՛ դրական, և՛ բացասական, և՛ անորոշ կարծիքներ, ամենակարևորը, որ խոսեն, ոչ թե անցնեն անտարբեր։

-Եթե գովազդը շատ է, ապա հովանավորներն էլ են շատ, կասե՞ք՝ կարանտիանյին պայմաններում ինչպե՞ս կարողացաք լուծել սերիալի ֆինանսական ծախսերը։
-Անկեղծ մի ինֆորմացիա տամ, չգիտեմ՝ կհավատաք ,թե ոչ, բայց մինչ օրս բոլորը՝ ամբողջ անձնակազմը, վճարվել են, բացի չորս հոգուց՝ մեզնից։ Մենք չորսովս ոչ մի կոպեկ չենք դրել գրպաններս, անգամ եղել է պահ, երբ մենք ինքներս մեր գրպանից ենք ներդրել։ Բայց քանի որ մենք առաջին օրը չենք այս գործի մեջ, հովանավորները վստահեցին մեզ։ Ասեմ մի բան․ շատերը, առանց որևէ սերիա նայելու, ցանկացան դառնալ մեր հովանավորներից մեկը։

-Ինչպիսի՞ հաջողություններ է գրանցել սերիալը։
-Հիմա մենք հասել ենք նրան, որ ընդամենը 5 սերիայից հետո մենք ունենք 800 հազար դիտում( մեկ սերիայի համար), ասեմ նաև, որ ընդամենը 1-2 սերիա հետո մենք համագործակցության առաջարկ ստացանք 3 հեռուստաընկերությունների կողմից, մենք համաձայնվեցինք 2 հեռուստաընկերության՝ «US Armenia»-ի և «Նոր Հայաստան»-ի հետ միայն մեկ պայմանով, որ սերիալը կհեռարձակվի առանց որևէ փոփոխության և չեն խառնվի սցենարին, իսկ սերիալը կստանան միայն այն բանից հետո, երբ այն կհայտնվի Յութուբում։

-Իսկ ի՞նչ նորություններ ունեք սերիալի երկրպագուների համար։
-Նշենք, որ մեր անձնակազմը բաց է բոլորի համար, փոփոխվելու է, մենք համագործակցում ենք բոլորի հետ։ Ասենք, որ զարգացումներն ավելի են հետաքրքրանալու, չեմ ցանկանում ասել, թե ով կլքի և ով կմիանա մեզ։ Անկանխատեսելի սերիալ է, այն գրավում է ընթացքում՝ սցենարիստներ Արմեն Վարդանյանի և Դավիթ Թորոսյանի կողմից։

-Կարանտինային պայմաններում սերիալ նկարահանելն ունի իր ռիսկերը։ Մտահոգություն կա՞, որ կարող է անձնակազմից մեկը վարակվել։
-Մենք 15-17 օր դադարեցրել էինք նկարահանումները, բայց կրկին վերսկսեցինք։ Դերասանական անձնակազմն ամեն շաբաթ հանձնում է թեստեր, որպեսզի հասկանանք՝ արդյո՞ք վարակված է մեկը, թե ոչ, իհարկե մենք ենք դրա ծախսերը հոգում, որպեսզի դերասանի վրա բեռ չլինի։ Ամբողջ տեխնիկական անձնակազմը, տանջվելով, ճկռալով այդ շոգին, միշտ դիմակներով է, իսկ դերասանները հանում են միայն նկարահանվելու ընթացքում։ Մաքսիմալ զգուշավոր ենք, բայց քանի որ հիմա չգիտենք՝ երկարում է այս վիրուսի ավարտը, թե ոչ, փորձում ենք ապահովել և՛ մեր, և՛ անձնակազմի աշխատանքը, որոնք նման ծանր պայմաններում հնարավորություն ունեն գումար վաստակելու։ Փորձում ենք այս ժամանակներում շեղել բացասական մտքերից ու բնակչության տրամադրության վրա ազդել։ Հիմա աշխարհում կոլապս է, շատ խայտառակ վիճակ է, և մենք չգիտենք՝ երբ ավարտը կլինի։ 90-ականներին, երբ կռիվ էր, երկրաշարժ էր, փլուզվեց ԽՍՀՄ-ը, այդ ծանր տարիներին հիշում եմ՝ ինչպես էինք քարը քարին դնում ու փորձում դուրս գալ այդ իրավիճակից, հիմա իրավիճակը նույնկերպ լարված է, դրա համար մենք փորձում ենք և՛ մեզ զբաղեցնել, և՛ մի շարք մարդկանց ընդգրկել այդ զբաղվածության մեջ ու նաև դրական էմոցիաներ փոխանցել մարդկանց, որպեսզի կարողանանք դուրս գալ այս դժվար իրավիճակից։ Միասին, չնայած որ սոցիալական հեռավորությունը պարտադիր է, բայց թիկունք թիկունքի տված կկարողանանք հաղթահարել սա։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան