Ամերիկյան շոու բիզնեսի աստղ Փերիս Հիլթոնը իր թվիթերյան օգտահաշվում հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին:
39-ամյա Հիլթոնը գրառմանը կից Սպիտակ տան՝ նախագահի գրասեղանին պառկած լուսանկար է հրապարակել և նշել է, որ երկար մտածելուց հետո եկել է այն եզրահանգման, որ գրասենյակը «կնոջ ձեռքի» կարիք ունի։
Իրար հաջորդող լուսանկարներին կից Հիլթոնը հայտնել է օվալաձև գրասենյակին սրտաձև տեսք հաղորդելու ցանկության մասին։ Վարդագույն Սպիտակ տան առջև կանգնած ևս մի լուսանկարին կից էլ դերասանուհին օգտագործել է «Ամերիկան կրկին կրքոտ դարձնել» և նմանատիպ այլ հեշթեգեր։
Հիլթոնը նաև հատված է հրապարակել մի հարցազրույցից, որում հայտնում է, որ պատրաստ է նախագահ դառնալ, ինչպես նաև ընդգծել է, որր ցանկանում է Սպիտակ տան պատերը վարդագույն ներկել, իսկ փոխնախագահի պաշտոնում երգչուհի Ռիհանային նշանակել, քանի որ նա կրքոտ է և անկեղծ ասում է, թե որ զգեստն է իրեն սազում և որը՝ ոչ։
Հայտնի է, որ Հիլթոնը նման հայտարարություն է արել ամերիկացի երգիչ, Քանյե Ուեսթի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու մտադրության մասին իմանալուց հետո։