Սաակաշվիլին պատմել է` ինչպես է խմած ժամանակ փորձել ամուսնացնել միլիարդատեր Բերեզովսկուն, սակայն հարսնացուն վերջին պահին փախել է

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական «Գորդոն» հրատարակության հիմնադիր Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է Վրաստանում փորձել ամուսնացնել ռուսաստանցի գործարար, միլիարդատեր Բորիս Բերեզովսկուն:

Հարսանիքը փորձել են կազմակերպել Բերեզովսկու Վրաստան կատարած այցերից մեկի ժամանակ:
«Մենք գիշերը երկուսին խմում էինք և նա ասաց. «Ահա այս աղջիկը: Ուզում եմ ամուսնանալ նրա հետ: Կարո՞ղ եք կազմակերպել»: Դե ես էլ հյուրընկալ տեր եմ չէ՞: «Դե լավ, արի կազմակերպենք»: Իմ քարտուղարուհին դարձավ նրա (հարսնացուի) վկան, ավելի ճիշտ պետք է դառնար: Մեր պատգամավորն էլ նրա (Բերեզովսկու) վկան էր: Նա ասում էր. «Միայն եկեղեցական ամուսնություն: Գնա պայմանավորվիր տեղի եպիսկոպոսի հետ»: Դիմիտրի անունով մի եպիսկոպոս կար: Գիշերվա երեքին նրա դռան զանգը տվեցին, նա բացեց և տեսավ, որ ինքը սատանան` Բերեզովսկին է շեմին կանգնած. նրա մասին պատկերացումները այդ ժամանակ այդպիսին էին»,- պատմել է Սաակաշվիլին:

Նրա խոսքերով` եպիսկոպոսը բացել էր գլխավոր տաճարը, որպեսզի ամուսնացնի ռուս գործարարին:
«Բուլվարում արդեն սեղան էր բացված: Շատ հաճելի, տաք գիշեր էր, որն արդեն առավոտվա էր վերածվում: Նրանց արդեն ուղեկցում էին եկեղեցու խորանի մոտ (ճիշտ է ես հարսանիքին չգնացի, որ տեսախցիկների առջև չերևամ), և այդ պահին հարսնացուն ասաց. «Ես առանց Վոլգայի շրջանում գտնվող իմ ծնողների ոչինչ չեմ անի»: Վերջին պահին ուղղակի փախավ: Դե այսպիսի պատմություններ նույնպես լինում են»,- պատմել է Վրաստանի նախկին նախագահը:

Բորիս Բերեզովսկին ռուս ձեռնարկատեր, քաղաքական գործիչ և միլիարդատեր էր: Որոշ տվյալների համաձայն՝ 2004 թվականին ֆինանսապես աջակցել է Ուկրաինայի «նարնջագույն հեղափոխությանը»: 2008 թվականին  Բերեզովսկու կարողությունը գնահատվել է 1,3 միլիարդ դոլար: 2009 թվականին ռուսական դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել է 13 տարվա կալանքի: Երեք անգամ ամուսնացած է եղել, ունի 6 երեխա: Նրա նկատմամբ 6 անգամ անհաջող մահափորձ են կատարել: 2013 թվականի մարտի 23-ին Բերեզովսկուն մահացած են գտել Լոնդոնի մոտակայքում գտնվող իր տանը: Մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են: