«Ամուսնությունն ի սկզբանե այս տարի չէինք պլանավորել»․ Էմմա Հովհաննիսյանը՝ կարիերայի, սիրելիի՝ Տյոմի հետ աշխատանքի, երազանքների ու սպասվող նորությունների մասին

Երգչուհի Էմմա Հովհաննիսյանը հանդես է գալիս OnPlay բենդի կազմում սիրելիի՝ երգիչ Տյոմի և երգչուհիներ Արևիկ Գրիգորյանի ու Ջուլիետտա Գրիգորյանի հետ։ Երաժիշտների, երգիչների ու առհասարակ ստեղծագործող մարդկանց կյանքում կորոնավիրուսի համավարակը լուրջ խոչընդոտ դարձավ աշխատանքային ծրագրերն իրականացնելու ճանապարհին, բայց OnPlay-ը շուտով կներկայանա նորություններով։ Showbiz.am-ի հետ զրույցում Էմման պատմել է իր ու Տյոմի կյանքում սպասվող նորությունների, անհատական կարիերա սկսելու մտադրության, սիրելիի հետ աշխատելու դրական կողմերի, երազանքների ու այլ շատ հետաքրքիր թեմաների մասին, ինչպես նաև մեզ տրամադրել OnPlay բենդի դեռ չհրապարակված լուսանկարներից մի քանիսը։

Պատմելով իր կարանտինային առօրյաի մասին, երգչուհին նշում է․ «Կարանտինի սկզբում ամեն ինչ թեթև էի տանում՝ կարծելով, որ ընդամենը մեկ ամիս է տևելու, և այդ մեկ ամիսը կհամարեմ ինչպես արձակուրդ, մի լավ կհանգստանամ ու էլի կանցնեմ իմ բնականոն ռիթմին, նույնիսկ սովորել էի տանը մնալուն, սակայն երկարացրեցին ևս մի քանի ամիս, այսինքն ևս մի քանի ամիս առանց աշխատանք: Իսկ այդ օրերին դիտեցի, բացահայտեցի շատ հետաքրքիր և իրական դեպքերի հիման վրա նկարված ֆիլմեր, որոնք իդեպ շատ եմ սիրում, բացահայտեցի նոր երգեր և արտիստների, և բացահայտեցի ինձ խոհանոցում։ Գրեթե ամեն օր արթնանում էի, դիմում Google-ի օգնությանը և մտածում`ինչ հետաքրքիր ուտեստ կարելի է պատրաստել: Միակ բանը, որ ի սկզբանե որոշել էի անել կարանտինյան օրերին, բայց չարեցի՝ֆիթնեսով զբաղվելն է տնային պայմաններում, այդպես էլ մինչ օրս ես դեռ որոշում եմ հաջորդ օրվանից սկսած մարզվել (հեղ․ ծիծաղում է)»։

Արտակարգ դրության պատճառով շատերի ծրագրերը խախտվեցին, Էմման նույնպես բացառություն չէ․ «Որոշել էինք այս տարի վերջապես մեկնել հանգստի սիրելիիս հետ, անհամբեր սպասում էինք ամռան գալուստին, որպեսզի իրականացնենք մեր ծրագրերը, ունեինք համերգներ, կորպորատիվ միջոցառումներ, բայց ավաղ, այս ծրագրերը կիրականանան, կարծում եմ, մյուս տարի: Կարանտինը իրոք մեզ շատ հետ գցեց մեր ծրագրերից, ինչքան էլ փորձում եմ լավատես լինել, մեկ է չի ստացվում, կյանքը ասես կանգ է առել»։

Շատ զույգեր այս տարի ստիպված եղան հետաձգել իրենց համար կարևոր իրադարձություններ (նշանադրություն, հարսանյաց արարողություն ու խնջույք): Էմման ու Տյոմը երիտասարդ հայտնիների մեջ ամենագեղեցիկ զույգերից մեկն են, որոնց մասին նորություններին երկրպագուներն անհամբեր սպասում են։ Խոսելով անձնական կյանքի մասին՝ երգչուհին անկեղծանում է․ «Նախ ասեմ, եթե կային մարդիկ, ովքեր մեզանից այս տարի նորությունների էին սպասում, ապա պետք է հիասթափեցնեմ նրանց, քանի որ մենք ամուսնությունն ի սկզբանե այս տարի չէինք պլանավորել: Եվ իրականում շատ ուրախ եմ այդ առթիվ, քանզի, եթե վիրուսի պատճառով այն հետաձգվեր, շատ ծանր կտանեի (հեղ․ ժպտում է)։ Կարծում եմ՝ այդ հիշարժան օրը կլինի 2021-ին»:

Շատ զույգեր են խուսափում միմյանց հետ աշխատել՝ մտածելով, որ դա կարող է խանգարել: Պատասխանելով հարցին, թե ինքն ու Տյոմն ինչպիսի՞ գործընկերներ են և հե՞շտ է արդյոք միմյանց հետ աշխատելը, Էմման պատմում է․ «Մենք մինչ ընկերություն անելը արդեն աշխատում էինք նույն բեմում, գրեթե 3 տարի է, ինչ աշխատում ենք միասին: Եվ կարող եմ ասել, որ էլ ավելի հեշտ է, երբ կողակիցդ նույն ոլորտից է: Այո, շատերը խուսափում են միմյանց հետ աշխատել, սակայն դա մեզ չի վերաբերում, նախ այն, որ գիտես, որ աշխատանքի գնալիս սիրելիիդ հետ ես աշխատելու, դա արդեն իսկ ամենահաճելին է: Իհարկե, գործի մեջ լինում են տարաձայնություններ կամ անհամաձայնություններ, սակայն մենք շատ կարճ ժամանակում գտնում ենք բոլոր հարցերի լուծումները: Տյոմն իսկական գործընկեր է` պրոֆեսիոնալ իր գործի մեջ»:

OnPlay բենդը, որի կազմում Էմման հանդես է գալիս, նույնպես ստիպված եղավ շատ ծրագրեր չեղարկել։ Փորձեցինք հասկանալ, թե երբ բենդը կրկին հանդես կգա ելույթներով․ «Երբ վերջանա արտակարգ դրությունը և երբ արդեն թույլ տան երգիչների և երաժիշտների գործունեությունը, հենց այդ օրվանից էլ դուք կլսեք մեր OnPlay-ի ելույթները: Ասեմ, որ ունենք շատ նորություններ, որոնց փակագծերը չեմ կարող բացել: Խոստանում եմ, որ մեր ՕnPlay-ի անունը դեռ շատ կլսեք»,- ասում է Էմման։

Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է անհատական կարիերա սկսել, երգչուհին պատասխանում է․ «Այո, իհարկե սկսելու եմ, քանի որ միայն խմբով չեմ հանդես գալու, այլ նաև անհատապես, ուղղակի էլի կկրկնվեմ`սպասում եմ կարանտինի ավարտին, որպեսզի սկսեմ իմ անհատական գործունեությունը: Արդեն ունեմ ծրագրեր, որոնք շուտով կներկայացնեմ հանդիսատեսին»:

էմման, խոսելով իր երազանքների մասին, պատմում է․ «Երազանքները շատ են, բայց կարող եմ առանձնացնել այս երազանքս`ճամփորդել և որքան հնարավոր է շատ երկրներ բացահայտել, դա իրոք շատ մեծ երազանք է: Ունեմ արդեն մի քանի նախընտրած երկրներ, որոնք առաջնային պետք է տեսնեմ՝ Բրազիլիա, Իսպանիա, ԱՄՆ: Ի դեպ, ճամփորդել ոչ միայնակ, այլ իմ սիրելիի՝ Տյոմի հետ»:

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան