Էլվիս Փրեսլիի 28-ամյա թոռն ինքնասպան է եղել (լուսանկարներ)

Ամերիկացի երաժիշտ և դերասան Էլվիս Փրեսլիի թոռը՝ Բենջամին Կիոն, 28 տարեկան հասակում ինքնասպանություն է գործել, հաղորդում է TMZ պորտալը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին և երիտասարդի մոր մենեջերին:

Իրավապահ մարմինների աղբյուրները պարբերականին հայտնել են, որ երգչի թոռը հրազենային վնասվածքով մահացած է հայտնաբերվել ամերիկյան Քալաբասաս քաղաքում գտնվող իր բնակարանում: Նրանց տվյալներով՝ երիտասարդն ինքնասպան է եղել։

Բենջամին Կիոն Էլվիսի դուստր Լիզա Փրեսլիի և երաժիշտ Դենի Կիոյի որդին է: Երիտասարդը, ինչպես Էլվիս Փրեսլին, երաժիշտ էր և արտաքուստ նման էր իր պապին, սակայն նրա կյանքի մասին, ընդհանուր առմամբ, քիչ բան է հայտնի, նշում Է TMZ-ն։

«Բենջամինի մոր սիրտը կոտրված է, նա անմխիթար վիճակում է, բայց փորձում է ուժեղ մնալ 11-ամյա երկվորյակների և ավագ դստեր՝ Ռայլիի համար։ Նա սիրում էր այդ տղային»,- պարբերականին ասել է Լիզա Փրեսլիի մենեջերը։

Էլվիս Փրեսլին մահացել է 1977 թվականին 42 տարեկան հասակում, սակայն շարունակում է մնալ ամերիկյան փոփ մշակույթի կուռքը՝ մտնելով աշխարհի ամենավաճառվող մենակատարների եռյակի մեջ: