ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել ամերիկյան ռեփեր Քանյե Ուեսթի՝ նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու որոշմանը, սակայն ենթադրում է, որ ի վերջո երգիչը հանրապետականների կողմից հանդես կգա: Թրամփն այս մասին հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։
«Ինձ դուր է գալիս, որ իր ձայնը լսելի է լինելու, սակայն նա և իր կինը միշտ մեր կողմից են լինելու»,- ընդգծել է Թրամփը՝ մեկնաբանելով Քանյե Ուեսթի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու ծրագրերը։
«Նա շատ լավ տղա է։ Հրաշալի հարաբերությունների մեջ ենք։ Կարծում եմ՝ ի վերջո նա մեզ է աջակցելու»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Ուեսթը թվիթերյան իր օգտահաշվում հայտնել էր, որ պատրաստվում է նախագահական ընտրություններին մասնակցել, իսկ ավելի ուշ հեղինակավոր Forbes ամսագրին տված հարցազրույցում հայտնել էր, որ այլևս չի աջակցում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին և նախագահական ընտրություններին մասնակցում է միայն հաղթելու նպատակով։
Մինչդեռ նախկինում Ուեսթը հայտարարել էր, որ աջակցում է Թրամփին: Համացանցում տարածվել էին լուսանկարներ, որոնցում ռեփերը կրում է Թրամփի նախընտրական քարոզարշավի խորհրդանշական կարմիր գլխարկը: