Հոլիվուդյան դերասանուհի Վայնոնա Ռայդերը պատմել է, որ մանուկ ժամանակվանից իրեն հետապնդել են Հոլոքոստի սարսափները. դերասանուհին մանրամասնել է, որ հոր ծնողներն այդ ոճրագործության զոհերից են:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 48-ամյա Ռայդերի խոսքով՝ փոքր ժամանակ ինքը քնում էր ծնողների դռան մոտ՝ վախենալով, որ նրանց կարող են առևանգել:
«Կարծում եմ՝ այդ ամենը եկել է նրանից, որ չափից շատ եմ լսել համակենտրոնացման ճամբարներում կատարվածի մասին: Ես սարսափում էի միայն այն մտքից, որ կարող եմ բաժանվել ծնողներիցս»,- ասել է դերասանուհին, որի խոսքով՝ մայրական պապը զոհվել է նացիստների դեմ պայքարում, իսկ հայրական կողմը մահացել է համակենտրոնացման ճամբարներում:
«Ես շնորհակալ եմ ծնողներիս ինձ ճշմարտությունը պատմելու համար, սակայն նրանք դրա համար պետք է ճիշտ ժամանակ ընտրեին, քանի որ այդ ամենն այնքան սոսկալի է»,- ընդգծել է Ռայդերը: