Bon Jovi խումբը Ջորջ Ֆլոյդին նվիրված երգ է թողարկել (տեսանյութ)

Ամերիկյան Bon Jovi ռոք խումբը նոր երգ է թողարկել, որը նվիրված է Մինեսոտայում ոստիկանության աշխատակցի կողմից սպանված աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդին, որի մահը զանգվածային բողոքի ցույցերի է հանգեցրել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում, գրում է Rolling Stone ամսագիրը։

Ստեղծագործությունը, որում խմբի անդամները խորհում են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ճակատագրի մասին, կոչվում է American Reckoning:

«Ես վստահ եմ, որ արտիստի մեծագույն պարգևը մեզ հուզող խնդիրները բարձրաձայնելու համար իր ձայնն օգտագործելու ունակությունն է»,- խմբի մենակատար Ջոն Բոն Ջովիի խոսքը մեջբերում է հրատարակությունը:

«Ամերիկան կրակի մեջ է, փողոցներում բողոքի ցույցեր են։ Նրա խիղճը գողացել են, նրա հոգին վտանգի տակ է։ Եվս մի մայր արտասվում է, քանի որ պատմությունը կրկնվել է։ Ես չեմ կարողանում շնչել»,- ասվում է երգի բառերում։

American Reckoning ստեղծագործությունից ստացված հասույթը խումբը կփոխանցի ամերիկացի իրավաբան Բրայան Սթիվենսոնի Արդարության նախաձեռնությանը (Equal Justice Initiative)։